Եթե ինձ հասնում է նստել 4-10 տարի կամ 14-ից 20, ես նստելու եմ. Վարդան Պետրոսյան (տեսանյութ)

16:07 • 09.11.13

Դերասան Վարդան Պետրոսյանը, ով հոկտեմբերի 20-ին Եղվարդ–Երևան ավտոճանապարհին իր ավտոմեքենայով հարվածել էր մեկ այլ ավտոմեքենայի և երկու երիտասարդի մահվան պատճառ դարձել, այսօր՝ «Սթրես» կենտրոնից դուրս գալիս, պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարել է, որ պատրաստ է կրել օրենքով սահմանված պատժաչափը, այս մասին տեղեկանում ենք News.am–ի տեսանյութից։

 

«Ոչ մի վայրկյան, ոչ մի դեպքում ոչ մեկիդ մտքով թող չանցնի … Եթե ինձ հասնում է նստել 4-10 տարի կամ 14-ից 20, ես նստելու եմ: Բայց թող ոչ մեկի մտքով չանցնի, որ ես մի մազ անգամ խուսափելու եմ պատասխանատվությունից: Վարդան Պետրոսյանը անցել է մի ճանապարհով, որի պատճառով ոչ մեկը չի ամաչել ու չի ամաչելու աշխարհի ոչ մի ծայրում»,-ասել է Վարդան Պետրոսյանը:

 

Նա պատմել է, թե ինչպես է քննիչ Հակոբյանը այս օրերի ընթացքում եկել և փորձել իրեն հարցաքննել իրեն առանց փաստաբանի ու հաշվի չառնելով իր առողջական վիճակը:

 


«Մի՞թե հնարավոր չէր մի երկու օր սպասել, մինչև ես ի վիճակի կլինեմ մտքերս նորմալ արտահայտել»,- ասաց Վարդան Պետրոսյանը և զարմանալի համարեց մամուլում տեղ գտած այն հրապարակումները, ըստ որոնց ինքը կատակելով եկել է հիվանդանոց ու շվացնելով դուրս գրվել:

 

Հիշեցնենք, որ այսօր որոշում էր կայացվել նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել Վարդան Պետրոսյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: