Վազգեն Խաչիկյանին պետք է սարքել թանգարանային էքսպոնատ. Նաիրա Զոհրաբյանի առաջարկը Իշխան Զաքարյանին
ԱԺ քառօրյային քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանը հնարավորություն ստացավ ելույթ ունենալ և իր խոսքը սկսեց` շնորհակալություն հայտնելով Սերժ Սարգսյանին իրեն կրկին վստահելու և առաջադրելու համար։ Նա հայտարարեց, որ այսուհետ ՎՊ-ն Ազգային ժողովի հետ նոր սկզբունքներով է աշխատելու, այն է`բաց, հրապարակային քննարկումներ ցանկացած խմբակցության հետ:
«100%-ով անցնում ենք ծրագրային վերահսկողության տիրույթ, այսինքն չեն լինելու ընդհանուր արտահայտություններ ու գնահատականներ, այլ` իրականացվելու է կոնկրետ վերահսկողություն և կոնկրետ գնահատականներ՝ կոնկրետ ծրագրերի ուղղությամբ»,-ասաց նա։
Իշխան Զաքարյանին հարցով դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ակնհայտ է, որ ինչ բացահայտում էլ անի Վերահսկիչ պալատը, և այս ամբիոնից աղմկահարույց բացահայտումներ են հնչել, այդուհանդերձ, ինչ-որ մի օղակում այդ ամենն ընդհատվում է: Տպավորությունն այնպիսինն է, որ խոսվում է, ասվում է, և պատասխանատվության ենթարկվում են կատարողները: Հիմա դուք էլի օրինակ կբերեք Վազգեն Խաչիկյանին։ Իմ տպավորությամբ` Վազգեն Խաչիկյանին պետք է սարքել թանգարանային էքսպոնատ, անընդհատ օրինակ է բերվում։ Եկե'ք թողնենք Խաչիկյանին, կմնա նա թանգարանային էքսպոնատ` որպես եզակի նմուշ: Այդուհանդերձ, ի՞նչ գործիքներ են պակասում ՎՊ-ին, որ կարողանա գործընթացը հասցնել մինչև վերջ»,-հարցրեց Զոհրաբյանը:
Իշխան Զաքարյանը պատասխանեց, թե ՎՊ-ն պետք է այսուհետ կարողանա այդ ստանդարտներով իր հաշվետվությունը ներկայացնել: «Դրանք ենթադրում են երեք շատ կարևոր օղակ, առաջինը՝ ՎՊ-ի բացահայտումներ են, երկրորդը՝ այլ բացատրությունները, մեկնաբանությունները, որ տրվում են ՎՊ-ի բացահայտումներից կամ ստուգումներից հետո։ Դրանք կարող են ընդունվել և չընդունվել ՎՊ-ի կողմից, և օրենքը հստակ ասում է, եթե ընդունվում են, բնականաբար, ընդունվում են, եթե ոչ, միակ ճանապարհը դատական իշխանությանը դիմելն է»,-ասաց նա։
ՎՊ նախագահի թեկնածուն միաժամանակ նկատեց, թե հիմա իրենք ևս մեկ մոտեցում են ուզում կիրառել և այս պահին աշխատում են այդ ուղղությամբ։ «Դա հետևյալն է` կա ՎՊ-ի որոշակի բացահայտում, կամ որոշակի գնահատական` ինչ-որ ծրագրի հետ կապված, կա բացատրությունը կառավարության կողմից, դրանից հետո կա ևս երրորդ պահը՝ ՎՊ-ն ընդունում է որոշակի մեկնաբանություններ։ Եթե հիմա չի ընդունում այդ մեկնաբանությունները, ի՞նչ պետք է լինի հետո։ Հետո, նորից եմ կրկնում, կա մեկ ճանապարհ, դա դատական իշխանություններին դիմելն է: Այս ճանապարհն է ուղղակի նոր մոտեցում, կամ նոր ճանապարհ, ցավոք սրտի, մենք այս պահին առաջարկել չենք կարող, որովհետև դա ամբողջ աշխարհում ընդունված ձև է»,-ասաց Իշխան Զաքարյանը:










