Կաֆեում նստած էինք՝ տեսանք, չէինք գնացել հեղափոխություն անելու. Ս. Ալեքսանյանը հեղափոխության, ակցիաների և ավանակների մասին
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հեղափոխությանը ոչ թե մասնակցելու էին գնացել, այլ պատահաբար էին այնտեղ հայտնվել։
«Մենք կաֆեում նստած էինք՝ տեսանք, չէինք գնացել հեղափոխություն անելու»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավորը:
Սամվել Ալեքսանյանից Tert.am-ը հետաքրքրվեց նաև Ծածկած շուկայի շուրջ բարձրացած աղմուկից, երկկողմ՝ կարմիրների և դեղինների ակցիաներից և հարցրեց, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ նրա կողմնակից կարմիրները դադարեցնում են ակցիան:
«Ես Նախախորհրդարանի անդամներից շնորհակալություն եմ հայտնում՝ Ժիրայր Սեֆիլյանին, Խզմալյանին, որ իրանք լավ ակցիա արեցին մեր «Սիթիների» համար, մենք գովազդին պետք է մոտ 20 մլն փող տայինք, այդ 20 մլն-ը տնտեսեցինք և տալիս ենք ուսանող երեխեքին»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե ամեն դեպքում դա հակագովազդ չէ՞ր, քանի որ կոչ են անում բոյկոտել Փակ շուկան, ՀՀԿ պատգամավորը արձագանքեց. «Չէ, իրանք մեզի գովազդ արեցին, մենք էլ էտդեղ 20 մլն տնտեսեցինք և որոշել ենք հանրապետության լավ սովորող ուսանող երեխաներին տալ»։
Բացի այդ Սամվել Ալեքսանյանը խնդրեց հաշվի առնել, որ կարմիր գլխարկավորները իր կողմնակիցները չեն, իսկ ինքը ակցիայի հետ կապ չունի և ոչ ոքի էլ դրա համար գումար չի վճարում։ Խնդրեց ակցիայից հարցերն ուղղել Սուրեն Սուրենյանցին, ով դեմ էր դուրս բերում կարմիր գլխարկավորներին։ Հարցին, թե ինչքա՞ն է վճարում Սուրենյանցին, պատասխանեց, որ ակցիայի համար չի վճարում, բայց եթե մի հարցով դիմում է՝ օգնում է։
Մեր հարցին, թե արդյո՞ք Ալեքսանյանի համար վիրավորական չէր, որ ավանակների ակցիա էին կազմակերպել իր համակիրները, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Էշերը ինչ կապ ունեն մեզ հետ, դեղին գլխարկներին հարցրեք»,-ասաց նա և հավատացրեց, թե հնարավոր չէ, որ «իրենց կարմիրները այդպիսի բան անեն»։
Բացի այդ նա նշեց, թե ինքն այդ ժամանակ Դուբայում հանգստանալու էր գնացել և հաստատեց, թե նախ Սամվել Կարապետյանի հետ էր, այնուհետև նրանց է միացել նաև Գագիկ Ծառուկյանը, ինչպես մամուլում գրվել էր։
Նա կրկին պնդեց, թե մեղքի զգացում չունի, քանի որ պատմամշակութային արժեքը փրկել են «կռիսանոցներից», իսկ մյուս իրավական հարցերով խնդրեց դիմել սեփականատիրոջը, քանի որ ինքը շուկայի հետ կապ չունի։
Հարցը, թե նա պետությունից փաստորեն ավելի ուժե՞ղ է, Սամվել Ալեքսանյանին վիրավորեց, ով հրաժարվեց մյուս հարցերին պատասխանել։










