Հայաստանը սատարում է ատելություն սերմանող առցանց ելույթների դեմ պայքարը
Նոյեմբերի 7-9-ը Ստրասբուրգում կայացել է «Ո՛չ ատելություն սերմանող առցանց ելույթներին» շարժման ամփոփիչ խորհրդաժողովը, որը պաշտոնապես բացել են ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԵԽ Նախարարների պատվիրակների նախագահ Արմեն Պապիկյանը և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնին:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի անունից դիմելով ներկաներին՝ Արմեն Պապիկյանն անդրադարձել է ատելության դեմ պայքարին ուղղված՝ ԵԽ կողմից ձեռնարկված միջոցառումներին: Նա, մասնավորապես, կարևորել է «Ատելություն սերմանող առցանց ելույթների դեմ պայքարի» երիտասարդական շարժումը և հաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ հետևողականորեն սատարել այդ շրջանակում կազմակերպվող միջոցառումներին:
Դեսպան Պապիկյանը ողջունել է նաև ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի կողմից նախաձեռնած այս ծրագիրը, որն ընդգրկվել է ԵԽ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների շարքում` դրանով իսկ նպաստելով երիտասարդական այս ծրագրի քաղաքական տեսանելիության բարձրացմանը: Այդ նպատակով նաև՝ ԵԽ-ում ՀՀ նախագահության շրջանակում անցկացված՝ «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովն առանձնահատուկ կարևորել է այս շարժումը` խրախուսելով դրա տարածումը Եվրոպայի ողջ տարածքում:










