Լրատվամիջոցները խախտում են հեղինակային իրավունքները. Արփինե Հովհաննիսյան

21:49 • 11.11.13

 

Նոյեմբերի 9-ին «Հեղինակային իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո դրա համահեղինակ, ԱԺ հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը մշտադիտարկում է իրականացրել հայաստանյան լրատվական կայքերում և գտել մի շարք խախտումներ: Իսկ հիմնականը վերաբերում է այպես կոչված՝ «նպատակն արդարցնող ծավալ» եզրույթին:

 


«Վերարտադրությունները «նպատակն արդարացնող» ծավալով չեն կատարում, այլ՝ գրեթե ամբողջական: Ոչ բոլոր կայքերի մասին է խոսքը, բայց ճնշող մեծամասնությամբ այդպես է. համապատասխան հղումով մտնում ես սկզբնաղբյուր կայք և տեսնում, որ գրեթե ավելին կարդալու հնարավորություն չկա, որովհետև ամբողջական վերարտադրություն է կատարվել: Թեև «այստեղ» հղումով մտնելով՝ սկզբնաղբյուր կայքի «քլիքը» ապահովվել, բայց մեկ-երկու-երեք-չորս՝ այդ պրակտիկան տարածում կստանա, և ընթերցողի մոտ այլևս կձևավորվի վերաբերմունք: Նա կիմանա, որ «այստեղ» հղումով մտնելով ՝չի կարդալու ոչ մի նոր բան»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

 


Հիշեցնենք, որ «Հեղինակային իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը միտված էր լրատվական դաշտում առկա գրագողությունը կանխելուն, և հեղինակները նկարագրում են, թե ինչպիսին պետք է լինի վերարտադրվող տեքստը և ինչպիսին չպետք է լինի:

 

Ըստ այդմ ՝ «նպատակն արդարացնող ծավալ» է դիտարկվում, եթե նյութի տպագրման անհրաժեշտությունը պահպանվում է՝ թողնելով շարունակությունը, հնարավորություն տալով ընթերցողին՝ շարունակությունը կարդալ նյութի սկզբնաղբյուրում:

 

Հավելենք, որ մի շարք լրատվամիջոցներ անհրաժեշտ էին համարել հանդես գալ միասնական հայտարարությամբ՝ սահմանելով համագործակցության հստակ կանոններ, և օրենքի հեղինակները դրանք ներառել էին կարգավորող օրենքի նախագծում:

 


Օրենքում առաջին անգամ ամրագրվել էր դրույթ, ըստ որի՝ ցանկացած կայքից որևէ նյութ տեղադրելու դեպքում պարտադիր վերնագրում գրվում է կայքի անունը՝ լատինատառ տարբերակով և սկզբնաղբյուր հանդիսացող լրատվամիջոցի հիպերլինքով՝ ակտիվ հղումով:


Այս հարցում Արփինե Հովհաննիսյանը դրական միտում նկատել է. ԶԼՄ-ները պատշաճ պահպանել են ակտիվ հղում կատարելու՝ օրենսդրական պահանջը:


Բայց քանի որ «նպատակն արդարացնում է ծավալը», ապա ստացվում է, որ դա պարզապես՝ ձևական կողմն է ապահովել: