Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով բազմաթիվ տներ են ավերվել

15:17 • 11.11.13

Տաջիկստանում տեղի ունեցած 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ ավերվել է ավելի քան 100 տուն, մասնակի՝ 250-ը, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Ավերված բոլոր շինությունները գտնվել են Քարիմ Իսմոիլ, Ռաջաբ Իսմոիլ, Բոզորբոյ Բուրոնով և Չորսու շրջաններում՝ մայրաքաղաք Դուշանբեից ոչ հեռու։

 

Աղետի հետևանքով զոհեր չկան։

 

Երկրաշարժը տեղի էր ունեցել երեկ՝ տեղական ժամանակով 10։15-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սուլթանաբադ գյուղը՝ Դուշանբեից 26 կմ հարավ-արևելք։

 

Նույն օրը 17։00-ի սահմաններում երկրաշարժը կրկնվել է 3 մագնիտուդ ուժգնությամբ։ Էպիկենտրոնը եղել է Դուշանբեից 30 կմ հեռավորությամբ գտնվող Վահդաթ շրջանում։