Գենդերային հավասարության մասին օրինագիծը ԱԺ քառօրյայի օրակարգ չմտավ
ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը և 20 կողմ, 42 դեմ, 23 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ քառօրյայի օրակարգ չմտավ: ԱԺ մեծամասնությունը մերժեց հարցը կրկին ԱԺ-ում քննարկման դնել, քանի Կառավարության հետ համատեղ հանձնաժողով է ստեղծվել և քննարկումներից հետո նոր հարցին կանդրադառնան։
Նախագծի քննարկումը բավական թեժ անցավ: Օրինագծի համահեղինակ, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ մինչ այժմ միայն առաջարկ է եղել նախագծից հանել «գենդեր» բառը, դրա փոխարենը «սեռ» կամ այլ հոմանիշ բառ դնել, ու քանի որ այլ առաջարկություններ չեն եղել, հանձնաժողովն ու Կառավարությունը դեմ են եղել նախագծին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե իրենք առաջարկել էին նախագծում տեղ գտած «գենդեր» բառը փոխարինել «կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» բառակապակցությամբ, սակայն Կառավարությունը դա էլ չի ընդունել: Նաիրա Զոհրաբյանը հայտնեց նաև, որ իրենք կքվեարկեն ձեռնպահ և կշարունակեն պնդել իրենց առաջարկած տարբերակը։
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ վստահ է՝ առաջիկայում այս նախագծի համար Կառավարության և հանձնաժողովի կողմից ընդունելի, փոխզիջումային տարբերակ կգտնեն:
«Հեղինե Բիշարյանը հանձնաժողովի անդամներին էլ հորդորեց դեմ քվեարկել, որ գտնենք կոմպրոմիսային տարբերակ: Քանի որ կա մշակվող տարբերակ, կբերենք քննարկման, երբ այն պատրաստ լինի, իսկ այս նախագծում կան անգրագետ ձևակերպումներ և անհնար է դա քննարկման ենթարկել»,- նշեց նա:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս հորդորեց հասարակության կողմից հետաքրքրություն ունեցող այս հարցի շուրջ լավագույն լուծումը գտնել.«Ինչո՞ւ է պետք սպասել: Եկե՛ք հիմա լուծում գտնենք: Մենք կողմ ենք, որ հարցը մտնի օրակարգ, ու ովքեր ինչ առաջարկություններ ունեն, փոփոխություն կանենք, հարցը կլուծվի»,– ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, և Կառավարությունը պատրաստվում է բերել ավելի հստակ ձևակերպում, հստակ բնորոշում պարունակող նախագիծ, որ արտահայտելու է բոլոր շահագրգիռ կողմերի և աշխատանքային խմբի կարծիքը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ինչու հարցը չեն քննարկում Կառավարության հետ, ի պատասխան Էլինար Վարդանյանը կրկնեց, որ ստեղծել են աշխատանքային խումբ:
ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքով՝ սա հենց այն օրենքի նախագիծն է, որ մեր հասարակությանը հուզում և անհանգստացնում է, կա մտավախություն, որ նախագծով կյանք կստանան երևույթներ, որոնք մեզ հարիր չեն:
Հեղինե Բիշարյանը կրկին միջամտեց. «Դուք տարբեր քաղաքական թիմերի ներկայացուցիչներ եք, ներկա են նաև լրատվամիջոցներ: Բիշարյանն ասել է՝ Ձեր խղճով, ոնց ուզում եք, քվեարկեք, եթե ես ասեի՝ դեմ քվեարկեք, ապա ինչո՞ւ էի ներկայացնում այս առաջարկը, հենց հիմա մեր սեղանին դրված է այն, ի՞նչ հանձնաժողովի մասին է խոսքը, երբ մենք աշխատանքային խմբում աշխատել ենք մի քանի ամիս, մի տարուց ավել, և դուք որոշեցիք, որ լուրջ քննարկում եք ունեցել, և դեմ եք: Եթե Բիշարյանը ձեզ համար այդքան մեծ հեղինակություն է, կողմ քվեարկեիք, էս ի՞նչ բան ա . . .դուք ձեր կարծիքն եք ասել»։
Նախագծի համահեղինակ Հովհաննես Մարգարյանը նշեց, թե իր համար զարմանալի էր, որ կառավարությունը փոփոխության նախագիծը հետ կանչեց. «Որտեղ ներկայացված էր «գենդեր» բառը փոխարինել մեկ այլ բառով, հանել 12-րդ կետը, ըստ որի՝ քաղաքացին իրավունք ունի ընտրել իր սեռը: Մենք համարում ենք, որ կան հարյուր հազարավոր նամուսով ու թասիբով ավանդական հայեր …»,- ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն առաջարկեց օրենքի նախագիծը հանել քվեարկությունից նշելով, թե խորհրդարան տրամադրված օրենքում փոփոխություններ է անհրաժեշտ կատարել:
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ զարմանք հայտնեց. «Ես զարմանում եմ, որ համաշխարհային ճանաչում ունեցող հայկական ընտանիքները հայ կնոջ ու տղամարդկանց իրավունքները դարձրել են քննարկման առարկա: Ես կողմ եմ, որ այդ օրենքը ընդհանրապես հանվի, որովհետև մեր երկրում ի վերուստ բնականոն ճանապարհով զարգացել է, երբեք կանանց իրավունքները հայ հասարակության հետ չեն մասնատվել»:










