Դուբայում վաճառքի են հանվել ոսկե կոշիկներ
Հայտնի իտալացի դիզայներ Ալբերտո Մորետիի՝ տղամարդկանց և կանանց համար 24-կարատանոց ոսկե կոշիկներն առաջին անգամ վաճառքի են հանվել Դուբայում՝ Level Shoe District բուտիկում, հաղորդում է ria.ru-ն:
«Բոլորին հայտնի է, որ Մերձավոր Արևելքում, հատկապես Պարսից ծոցի երկրներում, հարուստ հաճախորդները մեծ ուշադրություն են դարձնում զարդերին, լյուքս դասի հագուստին: Այդ պատճառով պատահական չէ, որ ոսկե կոշիկներն առաջին անգամ հայտնվել են հենց Դուբայում: Տեղի սպառողները, որոնք հնարավորություն ունեն տեսնել ամեն ինչ աշխարհում, պետք է իմանան, որ կարող են ձեռք բերել իսկապես էքսկլյուզիվ մի բան»,- լրագրողներին պատմել է ներմուծող ընկերության ներկայացուցիչ Ռանիյա ալ-Մասրին:
Ոսկե կոշիկներն ամբողջությամբ ձեռքի աշխատանք են: Մորետին որպես հիմք օգտագործել է թավիշ, որի վրա հատուկ մեթոդով լցվել է մաքուր ոսկի: Կոշիկների ձևը դասական է, այն չունի ավելորդ զարդարանքներ:
Մեկ զույգն արժե 4.000-4.800 դոլար: Ակնկալվում է, որ երեք ամսից այդ կոշիկները վաճառքի կհանվեն նաև այլ երկրներում:











