ԱԷՄԳ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ «անկախ» բանակցությունների

10:46 • 11.11.13

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկիա Ամանոն Ժնևում Իրանի ու միջնորդ «վեցյակի» միջև տապալված բանակցություններից հետո ժամանել է Թեհրան, հայտնում է Al Arabiya-ն։

 

Պաշտոնյան ընդգծել է, որ իր այցի նպատակն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն են, որոնք, սակայն, «անկախ են» օրեր առաջ Շվեյցարիայում կայացած բանակցություններից։

 

Agence France Presse գործակալության կարծիքով՝ ԱԷՄԳ-ի ու Իրանի հանդիպումը կարող է դրական ազդեցություն ունենալ նոյեմբերի 20-ին Թեհրանի ու միջնորդ «վեցյակի» միջև նոր բանակցային փուլի վրա։

 

ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներից մեկն ասել է, որ եթե Ամանոն մեկնել է Թեհրան, ապա նա վստահ է, որ ինչ-որ համաձայնության է  գալու իրանական կողմի հետ։

 

Հիշեցնենք, որ Արևմուտքն Իրանին մեղադրում է միջուկային ծրագիրը զարգացնելու ու միջուկային զենք ստեղծելու համար, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ ուրանի հարստացումն արվում է բացառապես խաղաղ նպատակներով։