Շուտով կիմանաք ողջ ճշմարտությունը, շատերը կզղջան իրենց հայտնած կարծիքի համար. Վարդան Պետրոսյանի փաստաբան
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ գործին ամենամեծ վնասը տվել են քննչական մարմինները, և Վարդան Պետրոսյանը ո՛չ արագ է վարել, ո՛չ ալկոհոլ է օգտագործած եղել, ոչ էլ քնել է ղեկին:
Այս մասին հայտարարել է ներկայումս Քրեակատարողական հիմնարկների վարչության դատապարտյալների հիվանդանոցում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ We support Vardan Petrosyan ֆեյսբուքյան էջում:
«...Բայց նախաքննական մարմինը ապօրինի ձերբակալել է Վարդանին՝ չունենալով որոշակի հանգամանքներ, նախաքննական մարմինը չի հասկացել՝ ինչ հետագա քայլեր կարող են լինել այս գործով, հետո, երբ ի հայտ է եկել այս ամբողջը, փորձել են ինչ-որ մի ձև արդարացնել ձերբակալումը: Սկզբից ձերբակալել են, հետո նոր են ապացույցներ ձեռք բերել, բայց երբ տեսել են, որ այդ ապացույցները այլ բան են ցույց տալիս, հրաժարվել են դրանք մեզ տրամադրել: Առայժմ փակագծեր չեմ կարող բացել, բայց 5-10 օրվա ընթացքում կիմանաք ամբողջ ճշմարտությունը և կզարմանաք, պրիմիտիվ դեպք է եղել: Շատ մարդիկ կզղջան իրենց հայտնած կարծիքի վերաբերյալ»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը:
Tert.am-ի հետ զրույցում վերջինս, ի պատասխան հարցի, թե ունե՞ն Վարդան Պետրոսյանի սթափության վերաբերյալ ստուգման ակտ, Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ այն իրենք ձեռք են բերել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր Վարդան Պետրոսյանը, բայց ոչ նախաքննական մարմնից: Նույնը վերաբերում է մյուս մեքենայի վարորդին վերաբերող ակտին:
Իսկ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը չի տրամադրվում: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ նախաքննական մարմինը օրենքով սահմանված կարգով պարտավոր է տրամադրել, սակայն չեն տրամադրում:
«Ինչը բավականին խոչընդոտում է, որպեսզի արագ կողմնորոշվենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ով որտեղ է նստած եղել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, և Ձեր նույն հարցը, ինչո՞ւ չեն տրամադրում, տվեց վերահսկող դատախազը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է ավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությանը, ապա ի պատասխան հարցի, թե դրանում նշվա՞ծ է, որ Վարդան Պետրոսյանը արագ է վարել, նրա շահերը ներկայացնող իրավաբանը նշեց, որ դրանում «հաշվարկված է արագությունը մեքենաների բախման պահին», սակայն «բախման պահին» արագության չափը Նիկոլայ Բաղդասարյանը դեռևս չի կարող հրապարակել:
«Մենք մի հատ ճշգրտենք էդ բոլոր տվյալները, նոր ասենք, որովհետև եթե մի բան սխալ ասենք, հետո այլ մեկնաբանություններ կլինեն»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա կալանավորումից հետո դեռ չի հասցրել հանդիպել Վարդան Պետրոսյանին, սակայն զրույցի պահին ուղևորվում էր այնտեղ:
Նշենք, որ «Գալան» տեղեկացրել էր, որ նախորդ երկու օրերին Նիկոլայ Բաղդասարյանին թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալի հետ:
Լուսանկարը՝ nyut.am-ի










