ԱՄՆ-ն հրաժարվել է հակալրտեսական համաձայնագիր կնքել Գերմանիայի հետ
ԱՄՆ-ն հրաժարվել է ԱՄՆ-ի և Գերմանիայի հատուկ ծառայությունների միջև հակալրտեսական համաձայնագրի ստորագրումից, հայտնում է Russia Today-ը:
Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ից Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերի և Սահմանադրության պահպանման դաշնային վարչության նախագահ Հանս-Գեորգ Մասենի վերադարձից հետո:
ԱՄՆ-ում հնարավոր են համարում միայն ինչ-որ անորոշ համաձայնագրի ստորագրումը կողմերի միջև: Դա էլ հաջողվել է միայն նրա շնորհիվ, որ ԱՄՆ-ում կարծել են, թե լրտեսական գործունեությունից լրիվ հրաժարումը կընկալվի իբրև մեղքի ընդունում: Դրանից բացի, նման համաձայնագրի ստորագրումից հետո նույնին կարող են ձգտել նաև այլ պետություններ:
Ավելի վաղ լրտեսական սկանդալ էր պայթել, երբ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գաղտնալսում են Գերմանիայի կանցլերին, ինչպես նաև` այլ երկրների առաջնորդների:










