ԱԺ–ն ընդունեց պետպաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու մասին օրինագիծը, Փոստանջյանը քայլն անբարոյականություն է որակում
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ԱԺ-ն ընդունեց 69 կողմ, 31 դեմ և 6 ձեռնպահ քվեարկությամբ։
Մինչ այդ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների հարցը շտապ չէ՝ նրանց երեխաները և ծնողները քաղցած չեն, ինչպես շուրջ կես միլիոն հայ բնակչության դեպքում է։
«ՀՀ-ում շուրջ կես միլիոնից ավելի մարդ աղքատ վիճակում է գտնվում, նրանք կիսաքաղցած են, ուստի մենք այս օրինագծին պետք է բոլորս դեմ քվեարկենք, քանի որ նման օրինագծին կողմ քվեարկելը անբարոյականություն է»,- հայտարարեց նա։
Հանրապետական պատգամավորները վրդովվեցին, տեղից հակադարձ վիրավորանքով արձագանքելով։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդմիջեց և խնդրեց Զարուհի Փոստանջյանին կոռեկտ արտահայտվել։ «Պետք է խնդրեմ՝ Ձեր գործընկերներին մի՛ վիրավորեք. պատգամավորն ունի իրավունք իր տեսակետը հայտնել ԱԺ-ում։ Ի՞նչ իրավունք ունեք այն համարել անբարոյականություն, խնդրում եմ մարդկանց մի՛ վիրավորեք»,-հորդորեց ԱԺ նախագահը։
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու երկրի ղեկավարների աշխատավարձերը բարձրացնելու նախագծին։
«Մենք անընդունելի ենք համարում կոռուպցիայի մեջ թաղված երկրի ղեկավարների աշխատավարձերի բարձրացումը, մի դեպքում, երբ ժողովրդի մեծամասնությունը գտնվում է աղքատության մեջ»,- ասաց նա։
Մինչդեռ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը կողմ էր նախագծին, և խմբակցության քարտուղար Աղվան Հովսեփյանը նշեց, որ իրենք կողմ կքվեարկեն։
Ձևականորեն «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, թե ինքը ձեռնպահ կքվեարկի, քանի որ կարծում է, որ 168.000 քաղծառայողների նույնպես հարցը վերաբերվում է։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե իրենք, իհարկե, կողմ են, որ այդ 168.000 քաղծառայողների աշխատավարձերը բարձրացվեն, բայց դեմ են, որ բարձրաստիճան պաշտոնյանների աշխատավարձերն են այդ չափով բարձրանում, ուստի իրենք դեմ կքվեարկեն՝ առանց որակումների։
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հստակեցրեց, թե այնպես չի, որ իրենք բարձրացնում են սեփական աշխատավարձը։ «Առաջին անգամ աշխատավարձի բարձրացում է տեղի ունենում և պետք է ողջունել»,- ասաց նա՝ ընդդիմադիրների հայտարարությունները որակելով պոպուլիզմ։
ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանն էլ կոչ արեց չհնչեցնել վիրավորանքներ և փոխարենը խորհուրդ տվեց նախագծի վերնագիրն ուշադիր կարդալ։ «Սա պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին է»,- ասաց նա։
Նույնը նաև ասաց Հակոբ Հակոբյանը, որ օրինագիծը պատգամավորների ու նախարարների աշխատավարձի բարձրացում չի»։
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունն իրավունք չունի սեփական աշխատավարձը բարձրացնել, ապա ավելացրեց, որ նշեց, որ ինչպես միջազգային պրակտիկայում է գործում, պետք է հաջորդ իշխանության աշխատավարձը բարձրացնել։
«Ցանկանո՞ւմ եք բարձրացնել, շատ լավ, բայց իշխանությունն իրավունք չունի իր աշխատավարձը բարձրացնել, բարձրացրեք հաջորդ իշխանության աշխատավարձը։ այսինքն՝ որ ուժի մեջ մտնի միայն 2017թ-ից։ Ընդդիմության աշխատավարձը պետք է բարձրացնեիք, նախագահինը նույնպես, բայց սեփական աշխատավարձը Դուք կարող եք միայն բարձրացնել հաջորդ իշխանության համար»,- ասաց նա։










