ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կողմ կքվեարկեն Իշխան Զաքարյանի թեկնածությանը, «Ժառանգությունը»՝ դեմ, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն չեն մասնակցի

17:52 • 11.11.13

Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երկրորդ անգամ առաջադրված Իշխան Զաքարյանի թեկնածության վերաբերյալ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հանդես եկան եզրափակիչ ելույթներով, ներկայացնելով սեփական խմբակցության տեսակետը։ Արդյունքում պարզվեց՝ կողմ են «Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն դեմ են, և ավելին՝ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ընդհանրապես չեն մասնակցի քվեարկությանը։


Մինչ այդ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բացատրեց, թե ինչու են դեմ քվեարկելու։ Խոսելով 2012–ի վերաբերյալ ՎՊ բացահայտումներց հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության մասին, որի ժամանակ վերջինս խիստ քննադատության էր ենթարկել Իշխան Զաքարյանին, իսկ այնուհետև անդրադառնալով նրա առաջադրման փաստին ՝ պատգամավորը եզրակացրեց, թե շատ անդուր իրավիճակ է։


«Մեր համար էլ է անդուր, պարոն Զաքարյանի համար էլ: Տեսնել խորհրդակցության ժամանակ տեղի ունեցած թատրոնը, հետո ականատես լինել այստեղի թատրոնի շարունակությանը, անդուր է»,- ասաց նա։


Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Իշխան Զաքարյանը չպետք է ընդուներ վերաառաջադրման առաջարկը. «Պետք է Ձեր մեջ համարձակություն գտնեիք, թքած ունենայիք, Ձեր տան վրա էլ, ասեիք, որ չեք ցանկանում առաջադրվել, որովհետև այլ տարբերակով քննարկում անցկացնելու հնարավորություն չունենք: Պարոն (Հովիկ խմբ.) Աբրահամյանն էլ պետք է գնար Ձեր հետևից … ես շատ եմ ցանկանում, որ լինեք քաղաքացի, խոսքի տերը, բայց մենք չտեսանք դա ու գալ ընթերցել Սերժ Սարգսյանի բառերն այստեղ, տգեղ է»,- ասաց նա։


«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե իրենք անիմաստ են համարում մասնակցել քվեարկությանը, քանզի պետք է աշխատել, որպեսզի այնպիսի կարգ հաստատվի, որ անարդարությունը վերացնեն: Արմեն Ռուստամյանը նշեց, թե նախագահը պետք է ապահովի ՎՊ-ի բնականոն գործունեությունը, ոչ թե միջամտի:


«Բայց այս ամեն ինչը խախտված է: Այն ինչ գրած է, մենք էլ այստեղ անընդհատ կրկնում ենք, թե ՎՊ-ն անկախ մարմին է, բայց էդ անկախութունից բան չմնաց: Անկախության չեզոքացումը տեղի ունեցավ մեր աչքի առաջ: Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՎՊ-ն սկսեց պաշտպանվել, որովհետև ՎՊ-ն հայտնվեց լուրջ ճնշումների տակ, չդիմացավ էդ ճնշումներին: Ու ակնկալել, թե վերահսկում կիրականացնի…»,- խոսքը կիսատ թողեց նա և ընդհատելուց հետո շարունակեց, թե թալանվում է ու դա կատարվում է օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ։ Արմեն Ռուստամյանը նշեց, թե խնդիրը համակարգի մեջ է, այլ ոչ թե անձի։


«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից Լևոն Զուրաբյանը հիշելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի ժամանակ տեղի ունեցած քվեարկությունը, նշեց, որ թեև ինքը այստեղ չի եղել, բայց հավատում է բոլոր գործընկներին, ովքեր պնդում են, որ դեմ են քվեարկել։ Ըստ այդմ էլ նա նշեց, թե որպեսզի այս անգամ էլ չկեղծվեն ընտրությունները ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին։


«Մենք չենք մասնակցի Հանրապետական այս ֆարսին, որ հետո առիթ չունենան ընդդիմությանը պախարակելու»,- ասաց նա։


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե խմբակցության դիրքորոշումը ՎՊ-ի նկատմամբ դրական է շատ պարզ պատճառով։

«ԲՀԿ-ն անվստահություն չի հայտնելու պարզ պատճառով, որովհետև անվսատահություն հայտնելով կզրկվենք հնարավորություններից մեկից՝ բյուջետային չարաշահումների վերաբերյալ բացահայտումներ անելուց»,- ասաց նա և ավելացրեց, թե պետք է Սահմանադրության մեջ փոփոխություններ նախատեսել և լիազորություններն ավելացնելով հնարավորություն տալ ՎՊ-ին, որպեսզի իրական պատասխանատուները պատժվեն։


«Մենք հավատում ենք, որ այս ՎՊ-ն կարող է այս գործընթացը ամբողջական ավարտին հասցնել, եթե լիազորությունները բավարարեին։ Հավատում ենք, որ ՎՊ-ն շարունակելու է բյուջետային գանձագողերի բացահայտումը. ես ռոմանտիկ չեմ, բայց տեսնելով ինչ արագությամբ է փլուզվում այս արատավոր համակարգը՝ հույս ունեմ, որ մեր երկրում գալու է բացահայտման ժամանակը»,- ասաց նա։

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անհրաժեշտություն գտավ պաշտպանելու Իշխան Զաքարյանին մինչ այդ հնչած սուր քննադատությունից՝ մասնավորապես խոսելով «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությունից, թե որտեղից ՎՊ նախագահին այդքան ունեցվածք։


«Ես չգիտեմ գրպանահատներ ենք մենք՝ ինչ ենք, հա նույն միտքը արծարծենք ... Ինչի՞ եք ամեն ինչ բարդում Իշխան Զաքարյանի վրա ու փորձում դրանով արդարացնել ձեր անգործությունը, երբ ամբողջ մի կառույց տարիներ շարունակ նույն հաշվետվությունն է տվել, ինչպես վերջին անգամ»,- ասաց նա: