Կովկասի մուսուլմանների առաջնորդ. Ռուսաստանը հակաադրբեջանական քաղաքականություն չի վարում
Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն ադրբեջանական ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ չի հավատում Ռուսաստանի հակաադրբեջանական դիրքորոշմանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Կովկասի միջև հակասությունների ստեղծման հարցում հետաքրքրված են որոշ պետություններ, գրում է newsru.com-ը:
Նա նաև նշել է, որ իրենք Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ աշխատում են հոգևոր գործիչների միջև երկխոսության զարգացման ուղղությամբ:
«Մենք պատրիարք Կիրիլի հետ ի սկզբանե ձգտել ենք երկխոսություն ստեղծել կրոնների և ժողովուրդների միջև, և մենք կշարունակենք մեր աշխատանքն այդ ուղղությամբ»,- նշել է Փաշազադեն:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը չի վարում հակաադրբեջանական քաղաքականություն: «Ես նախկինում էլ եմ նշել, որ երբեք ականատեսը չեմ եղել, որ Ռուսաստանը պետական մակարդակով Ադրբեջանի դեմ ծրագիր ունենա»,- ընդգծել է Կովկասի մուսուլմանների ղեկավարը:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտությունից` Փաշազադեն նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդները կարող են ազդել խնդրի կարգավորման վրա:
«Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդները չեն կարող լուծել ղարաբաղյան խնդիրը: Մենք կարող ենք որոշակի ազդեցություն ունենալ այդ հարցի կարգավորման գործում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ հակամարտության լուծման ուղին երկրների ղեկավարությունների իրավասություններում է գտնվում: «Ղարաբաղյան հակամարտությունը կրոնական հարց չէ: Դա քաղաքական հարց է, որը պետք է լուծեն պետությունների ղեկավարները»,- ընգծել է նա:










