Ֆիլիպիններին պատուհասած թայֆունի ժամանակ հրաշքով երեխա է ծնվել

14:40 • 11.11.13

Էմիլի Սագալիսը «Հայան» թայֆունից ավերված ֆիլիպինյան քաղաքում հրաշքով երեխա է լույս աշխարհ բերել, ում անվանակոչել է փոթորկի հետևանքով կորած իր մոր անունով, հաղորդում է Agence France-Presse-ը:

 

Աղջիկը ծնվել է երկուշաբթի օրը, ավերված օդանավակայանի տարածքում, որը ժամանակավորապես բժշկական կենտրոնի է վերածվել. երեխան ծնվել է տախտակներից պատրաստված անկողնու վրա՝ աղբի, կոտրված ապակիների, մետաղների մեջ:

 

Սագալիսի խոսքով՝ իր մորը «Հայան» թայֆունի հսկայական ալիքները քշել են Տակլոբան քաղաքի մոտ գտնվող իրենց տանից:
«Նա (երեխան) իմ հրաշքն է: Ես մտածում էի, թե կմահանամ նրա հետ, երբ բարձր ալիքները եկան և բոլորիս քշեցին»,- ասել է մայրը:

 

Ամուսնու խոսքով՝ նա Աստծո կամքով է գտել իր կնոջն ավերակների մեջ լողալիս: Մի քանի ժամ շարունակ ջուրը տարել է նրանց, մինչև կարողացել են ապաստան գտնել դպրոցի շենքում, որտեղ հավաքվել էին նաև այլ ողջ մնացածներ: Զույգն այդտեղ է մնացել մինչև երկուշաբթի՝ ունենալով միայն ջրի շշեր: Վաղ առավոտյան, երբ Սագալիսը սկսել է ծննդաբերել, նրանք մի քանի կիլոմետր քայլել են՝ մինչև վարորդներից մեկը վերցրել է նրանց և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ Սագալիսը հրաշքով ծննդաբերել է իր դստերը։