ԱԺ խմբակցությունները դեռ չեն քննարկել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու ՀՅԴ միջնորդությունը

11:47 • 11.11.13

«Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեռ չեն քննարկել հարցը, թե կմիանա՞ն դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու «Հայ Յեղափոխական դաշնակցության» միջնորդությանը:

 


«Նման հարց մեզ մոտ չի քննարկվել, չեմ կարող վստահեցնել, որ կարող ենք միանալ:Խնդիրը ոչ թե Վարդան Պետրոսյանի անձն է, ում շատ հարգում ու բարձր եմ գնահատում: Խնդիրը իրավական հարթության մեջ է: Չմոռանանք, որ երկու անմեղ երիտասարդ են մահացել»,- Tert.am-ին ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը և ավելացրեց. « Եթե մենք ուզում ենք օրենքը գործի մեր երկրում, բոլորի նկատմամբ օրենքը հավասար պետք է գործի:


Զուգահեռներ տանելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և Վարդան Պետրոսյանի միջև՝ պատգամավորն ասաց, որ մի դեպքում հանցագործությունը ակնհայտ է, իսկ սա ուղղակի դժբախտ դեպք է: «Բայց պետք է հասկանանք, որ զոհված երիտասարդների ծնողներից է կախված իրականում Վարդան Պետրոսյանի ճակատագիրը:

Իսկ ընդհանրապես կալանքը որպես խափանման միջոց ընտրելը սխալ որոշում էր: Վարդան Պետրոսյանը հանցագործ չէ, առավել ևս այն քաղաքացիներից չի, որ կարող է փախուստի դիմել»,- ասաց նա՝ նշելով, որ պետք էր հաշվի առնել նաև դերասանի առողջական և հոգեբանական վիճակը. «Նա մտերիմների ու հարազատների կարիք ունի այս պահին, ոչ թե մեկուսացման»:


Հարցի շուրջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձնական տեսակետն այն է, որ երկու զոհ է եղել, և Վարդան Պետրոսյանն ասել է՝ չի խուսափելու պատասխանատվությունից: «Բայց չեմ կարծում, որ սա այն դեպքն էր, որ կարելի էր կալանքը ընտրել որպես խափանման միջոց: Սա ինձ համար ընդունելի չէ»,-ասաց նա: