Իշխանության ձեռագիրը մնաց նույնը. Նաիրա Զոհրաբյանը Արարատի ընտրությունների մասին

10:50 • 11.11.13

Կիրակի օրը Արարատ քաղաքում անցկացված ընտրություններին իշխանությունների ձեռագիրը մնաց նույնը և Արարատում տեղի ունեցան այնպիսի ընտրություններ, ինչպիսիք տեղի են ունենում Հայաստանում՝ անկախ նրանից հարյուր բնակիչ ունեցող գյուղապետի՞ ընտրություններ են, թե համապետական նշանակության։


Այս մասին Tert.am-ին հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության թեկնածու Հայկ Հայկյանին մոտ 300 ձայնի տարբերությամբ պարտված «Բարգավաճ Հայաստանի» թեկնածու Սամվել Բարսեղյանի կուսակից, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:


«Իշխանության կողմից արվեց հնարավոր և անհնար ամեն ինչ՝ իշխանական լծակների ողջ գործադրմամբ, ընտրակեղծիքների ողջ ծավալով. ահաբեկումներ, ճնշումներ, ընտրակաշառք, իշխանական ողջ մեքենան փոքր Արարատ քաղաքում աշխատեց իր հզորությամբ այնպես, ինչպես աշխատում է համապետական ընտրությունների ժամանակ: Եվ իշխանությանն ընդամենը հաջողվեց տոտալ ճնշումների ու լծակների գործադրմամբ առավելության հասնել ընդամենը 300 ձայնով: Եվ եթե իշխանությունը դա իր համար կարող է համարել հաղթանակ,ուրեմն իրենք հերոսներ են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով՝ Հայկ Հայկյանը ստացել է 4 544, Սամվել Բարսեղյանը՝ 4 214 ձայն: Իսկ 160 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։


Երեկ Արարատում գրանցվել է աննախադեպ ընտրական ակտիվությունը և քվեարկությանը մասնակցել է ընտրողների հիմնական ցուցակի 67 տոկոսից ավելին:


Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չեն պատրաստվում բողոքարկել Արարատի համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:


«Ես ցավում եմ, որ ժողովուրդը հասցված է այն վիճակի, որ գնում է քվեարկելու այլևս միայն կոնկրետ գումարի դիմաց։ Ես ցավում եմ, որ ժողովուրդը գնում և վերցնում է գումարը, բայց քաղաքական ուժերից պահանջում է պայքարել արդարության և արդար ընտրության համար: Բայց ես ժողովրդին չեմ մեղադրում, որովհետև հասցված է այն վիճակի, որ այդ տասը հազար դրամը նրա ընտանիքի մի քանի օրվա հացի փողն է»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:


Ինչ վերաբերում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի դերակատարությանը, ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այստեղ Արամայիս Գրիգորյանի խնդիրը չէ, եթե պաշտոնյային, անկախ նրանից մարզպետ է, քաղաքապետ, թե գյուղապետ, ասվում է, որ քո հետագա պաշտոնավարումը կախված է նրանից թե ինչպե՞ս կհանձնես քեզ վստահված այդ քննությունը, այդ ընտրական գործընթացի ժամանակ, ապա հասկանալի է, որ տվյալ պաշտոնյան պիտի անի հնարավոր և անհնար ամեն ինչ թեկուզ մեկ ձայնի առավելություն գրանցելու համար: Այստեղ Արամայիս Գրիգորյանի խնդիրը չէ»: