Չարաշահումները հիմնավորի, հետո ներկայացրու ԱԺ ամբիոնից. Հովիկ Աբրահամյանի խորհուրդը Իշխան Զաքարյանին
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վերահսկիչ պալատի նախագահի քվեարկությանը մասնակցելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Հարցին, թե համամիտ չէ՞ արդյոք ընդդիմության հետ, որ չարաշահումներն այլևս չեն կարող բացահայտվել, ԱԺ նախագահը պատասխանեց. «Եթե մենք տեսակետների հետ հաշվի նստենք՝ կխճճվենք, որովհետև այդ տեսակետներն այնքան շատ են և շինծու, որոնց հետ հաշվի նստելու կարիք չկա»:
Ամեն դեպքում Հովիկ Աբրահամյանը համամիտ էր Սերժ Սարգսյանի՝ Իշխան Զաքարյանին ուղղված քննադատությանը և ինքն էլ իր հերթին խորհուրդ էր տվել, որ ՎՊ նախագահը հիմնավորի չարաշահումները, հետո ներկայացնի ԱԺ ամբիոնից:
Հարցին, թե ԱԺ «Հանրապետական» խմբակցության հետ հանդիպմանը ինչ առաջարկներ են արել Իշխան Զաքարյանին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Դե քանի որ ՀՀԿ-ն աջակցում է, որոշում է կայացրել կողմ քվեարկել նշանակման գործընթացին, դա պատասխանատվություն է, և մենք բոլորս պատասխանատու ենք, որ Վերահսկիչ պալատը նորմալ աշխատի և պետք է նորմալ աշխատանքի արդյունքում վեր հանենք այն խախտումները, թերությունները, չարաշահումները, որոնք իրոք ճիշտ են, հիմնավոր են, որ կան, և պատկան մարմիններն էլ պետք է իրենց գնահատականը տան, իրականությանը պետք է համապատասխանի: Այ, լոկ խոսքեր կան, գնահատականներ կան, քննադատություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և մենք պետք է ձեռնպահ մնանք նման անհիմն քննադատություններից»,-ասաց նա և նշեց, թե ըստ իրեն՝ ՎՊ-ի խնդիրն է դա։
«Որ պետք է վեր հանի այն խնդիրները, որոնք իրականությանը համապատասխան են ոչ թե հնչեցվեն ԱԺ ամբիոնից, գնահատականներ տրվեն, բայց արդյունքում իրավական որևէ խախտում չլինի, սա շատ կարևոր է, և ՎՊ նախագահի ուշադրությունը ես հրավիրել եմ այս հանգամանքի վրա, որ հիմնավորվի հետո նոր ներկայացվի այս ամբիոնից»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե Իշխան Զաքարյանը նշանակում է զրպարտո՞ւմ էր, ԱԺ նախագահը արձագանքեց. «Ձեզ՝ ոչ»:
Դիտարկմանը, թե արդյոք Հովիկ Աբրահամյանը չի զղջացել իր հայտարարության համար, որ բյուջեն թալանվել է, ԱԺ նախագահը պատասխանեց. «Իմ տեղը դուք որոշում մի կայացրեք՝ ես փոշմանել եմ, թե չէ: Ես իմ տեսակետը հայտնել եմ, մի քանի անգամ այս հարցին պատասխանել եմ, և մենք չենք իրավապահ այն մարմինը, որ գնահատական տանք: Ուղղակի մենք ուղարկել ենք այդ փաթեթը Գլխավոր դատախազություն»:
Նաև նաև ասաց, թե տեղյակ չէ ԱԺ-ի կողմից դատախազությանն ուղարկված փաթեթից. «Ուղարկել եմ, մենք դեռ պատասխանը չունենք: Կարծում եմ կպատասխանեն մեզ, թաքցնելու հարց չի»:
Լրագրողի հարցին, թե եթե ընդդիմադիրների պես անկեղծ լինեք, Հովիկ Աբրահամյանը չլսեց հարցն ամբողջությամբ ու արձագանքեց. «Ես ընդդիմադիրների նման անկեղծ չեմ ուզում լինել: Ես ընդհանրապես անկեղծ եմ Ձեզ հետ նաև՝ ի հակառակ Ձեզ»:










