Հայաստանն ու Ուրուգվայը կխորացնեն համագործակցությունը սպորտի և զբոսաշրջության ոլորտներում

16:46 • 12.11.13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի հայազգի նախարար Լիլիամ Քեշիշյանի գլխավորած պատվիրակությանը, որի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը սպորտի և զբոսաշրջության ոլորտում, ստորագրվել է նաև փաստաթուղթ, այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:


Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայն ունեն քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակ, մասնավորապես, կարևորելով Ուրուգվայի կողմից՝ աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու փաստը:


«Ուրախ ենք, որ մեր հայրենակցուհին բարձր պաշտոն է զբաղեցնում մեր բարեկամ երկրում և լիահույս, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար: Սպորտի բնագավառում ունենք բավական լավ ավանդույթներ, իսկ զբոսաշրջության բնագավառում՝ դեռևս չիրացված մեծ ներուժ: Ձեր այցը հնարավորություն կտա բացահայտել համագործակցության նոր ուղղություններ և գործիքներ, որոնք կխթանեն նշված ոլորտներում կապերի ընդլայնումը», - ողջույնի խոսքում ասել է Տիգրան Սարգսյանը:


Հյուրը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, կիսվել տպավորություններով Հայաստան այցի վերաբերյալ:


Իրենց հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ՀՀ վարչապետին են ներկայացրել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի հետ հանդիպումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:


Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանն ու Լիլիամ Քեշիշյանը քննարկել են սպորտի ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և փորձի փոխանակման հնարավորությունները, կարևորել երկու երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:


Կողմերը բարձր են գնահատել Ուրուգվայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: ՀՀ կառավարության ղեկավարը տիկին Քեշիշյանի միջոցով ջերմ ողջույններ է փոխանցել Ուրուգվայի ղեկավարությանը:


Հանդիպմանը հաջորդել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետու¬թյան կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցու¬թյան մասին» համաձայնագրի ստորագրումը:


Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության կողմից՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը: