Գողերին մոտեցրել են մեր տներին. բնակիչները դեմ են Բագրատունյաց փողոցում վերգետնյա անցումի կառուցմանը (տեսանյութ)
Երևանի Բագրատունյաց 7 և 8 շենքերի բնակիչները դեմ են փողոցի վրա վերգետնյա անցումի կառուցմանը, քանի որ, ինչպես իրենք են ասում, անցումից շատ հեշտ կարելի է ներս մտնել իրենց բնակարանների պատշգամբներ, քանի որ շենքերից անցումի աստիճանները թույլատրելի հեռավորության վրա չեն:
«Անցումից պարզ երևում է, թե մեր բնակարաններում ինչ է կատարվում: Գողերին մոտեցրել են մեր տներին, գողերի համար նպաստավոր պայմաններ են ստեղծել: Բացի դրանից, մինչև բանվորները չեն գնում, չենք կարողանում քնել, ամբողջ գիշեր չենք քնում էս շինարարության պատճառով»,- Tert.am-ին բողոքեց Բագրատունյաց 8 շենքի բնակիչ Մարիամ Հովհաննիսյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք դիմել ենք քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, թե շինարարությունը չափորոշիչների համապատասխան է:
Tert.am–ի հետ զրույցում վերգետնյա անցումը կառուցող շինարարական խմբի ղեկավարն ասաց, որ իրենք ցանկապատ են կառուցելու աստիճանների վրա, որպեսզի հնարավոր չլինի մուտք գործել շենքերի պատշգամբներ:
Սակայն սա բնակիչների մոտ այլ մտահոգության առիթ է: «Եթե բարձրացնեն էլ, ամբողջ լույսը փակվում է, և արդեն բարձր հարկեր կարող են մուտք գործել, էդպես ավելի կհեշտացնեն»,- ասաց Մարիամ Հովհաննիսյանը:
Նա նաև բողոքեց, որ ամբողջ օրն իրենք «տեսադաշտ» են բանվորների համար, մինչև վերջիններս չեն գնում, իրենք չեն կարողանում քնել: «Ուղղակի ապշած եմ, որ մի ոլորտում էսքան դիսբալանսը հնարավոր է էս երկրում: Մի հատ թող գան տեսնեն, էս տունը հնարավոր էլ չի լինի վաճառել»,- ավելացրեց նա:










