Չինաստանում ծնելիության սահմանափակման քաղաքականությունը կրճատել է բնակչության աճը 400 միլիոնով
Մոտ 40 տարի Չինաստանում իրականացվող ծնելիության սահմանափակման քաղաքականությունը թույլ է տվել կրճատել բնակչության աճը 400 միլիոնով, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով երկրի առողջապահության և ծնելիության պլանավորման հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ դա «մեծապես թեթևացրել է բնակչության չափազանց արագ աճի պատճառով երկրի ռեսուրսների և էկոլոգիայի վրա ճնշումը»:
Եթե 1970 թվականին Չինաստանում բնակչության աճը 3,34 տոկոս էր, ապա 2012-ում՝ 1,21 տոկոս: 1970 թվականին երկրում ծնվել է 27 միլիոն 390 հազար մարդ, իսկ 2012 թվականին՝ 16 միլիոն 350 հազար մարդ:
«Մեզ հաջողվել է պատմական շրջադարձի հասնել՝ «բարձր ծնելիության, ցածր մահացության և բնակչության արագ աճի» մոդելից անցում կատարելով դեպի «ցածր ծնելիության, ցածր մահացության և բնակչության ցածր աճի» մոդել»,-ասել է նա։










