Իտալացիներն առաջարկում են Հիտլերի անվան մրցանակ սահմանել, հրեաները դեմ են
Իտալական «Ֆեդեր Ֆաունա» միությունն առաջացրել է հրեաների զայրույթը, քանի որ առաջարկել է «Հիտլերի անվան մրցանակ» սահմանել և շնորհել այն կենդանիների իրավունքների պաշտպանության բնագավառում ներդրում ունեցած մարդկանց, գրում է Daily Mail-ը։
Միության անդամներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ ժամանակին նացիստների առաջնորդը հեղինակել է մի շարք օրենքներ, որով կենդանիները պաշտպանվել են ու չեն օգտագործվել կլինիկական փորձարկումների ժամանակ։
«Ֆեդեր Ֆաունայի» գլխավոր քարտուղար Մասիմիլիանո Ֆելիպին նշել է, որ Հիտլերի անվան մրցանակի իմաստը կենդանիների իրավունքների ոտնահարման խնդիրը բարձրացնել է և այդ բնագավառում լուրջ ավանդ ունեցած մարդկանց պարգևատրելը։
Սակայն հրեաների մի մասի կարծիքով՝ միության անդամները փորձում են դրական լույսի ներքո ներկայացնել միլիոնավոր հրեաների կոտորած Հիտլերին։
Այս մրցանակի համար անգամ հատուկ պաստառ է ստեղծվել, որի վրա պատկերված է «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի մոտ 2 եղնիկների կերակրող Հիտլերը։











