Մենք էլ ենք ստանում, դուք էլ եք ստանում, բոլորս պատվերի մեջ ենք, իսկ պատվիրատուները լավ էլ ծաղրում են բոլորիս. ԲՀԿ պատգամավոր
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը պարզաբանում է, թե ինչու է կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Իշխան Զաքարյանին և հավատացնում է, որ դա արել է, ո′չ թե կուսակցական հանձնարակական ստանալով, այլ` սեփական համոզմունքից ելնելով։ Մի քանի լրագրողների հետ զրույցի վերջում, սակայն, ընդհանրացնում է, թե պատվեր ստանում են և′ լրագրողները և′ քաղաքական գործիչները, իսկ պատվիրատուները ծիծաղում են բոլորի վրա։
«Ես կողմ եմ քվարկել կատարած աշխատանքի համար։ Ես գուշակ չեմ, բայց իր գործառույթները մեծ ծավալով կատարել և բավականին բացահայտումներ է արել, իսկ թե ինչու ընթացք չի տրվել, դա արդեն ՎՊ-ի գործառույթը չի»,-ասաց նա։
Հարցին, թե՝ տեսակետ հնչեց, որ Իշխան Զաքարյանն աշակերտի նման գնաց Սերժ Սարգսյանի խորհրդակցությանը և ճնշումներից հետո այլևս չի կրկնի նույն սխալը և չի բարձրաձայնի բացահատումների մասին, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Ամբողջ աշխարհն է աշակերտական դասարանի վերածվել»։
«Դո՞ւք էլ եք աշակերտի նման Իշխան Զաքարյանի թեկնածությանը կողմ քվեարկելու հանաձնարարություն ստացել» հարցին պատգամավորը պատասխանեց. «Ո′չ, ես ինքս էլ այդպես եմ կարծում, ուստի կողմ եմ քվեարկել։ Նման նախադեպ մենք չենք ունեցել, նման մեծ ծավալի բացահայտում, և այն հնչեցրեց քաղաքական ամիբիոնից։ Ի՞նչ ենք ուզում, էդ մարդն ուրիշ գործառույթ չունի՞, ի՞նչ ենք պահանջում մենք իրանից։ Այո′, մենք քննադատում ենք, որ կարելի էր ո′չ թե այդ 700 մլնը գտնել, այլ՝ 780 մլն-ը, բայց համետության մեջ պետք է նայենք, չէ՞»,-ասաց նա։
Հարցին, թե՝ տպավորություն է ստեղծվում, որ պայմանավորվածություն կա Իշխան Զաքարյանի հետ, ԲՀԿ պատգամավորը նշեց, թե լրատվամիջոցների մեղքով է նման տպավորությունն առաջանում, քանի որ նրանք ուղղորդվում են։
«Չե՞ք կարծում, որ լրատվությունը պարզապես՝ ուղղորդվում է, հիմնականում՝ եթե ցանկություն ունենան վարկաբեկել ցանկացած մարդու, ապա վարկաբեկում են՝ ում կենացը խման, ում կենացը չխման, և այլն, և այլն։ Դա խաղեր են, ժողովրդի բերանը գցում են ինչ-որ բանով զբաղվելու համար, թեթև տարեք»,-ասաց նա և հիշեց նախորդ ԱԺ գումարումների իր պայմանավորվածությունները՝ վստահեցնելով, որ հիմա նման բան ԲՀԿ-ն չի անում։
«Պայմանավորվելու ի՞նչ խնդիր կա։ Այ՝ պայմանավորվում էի ես, երբ որ Լոքյանը գյուղնախարար էր, ու մենք ամբողջ օրն իրար հետ տարածքներում էինք։ Այո′, ես ամբիոնից եմ, նույնիսկ, հայտարարել, պայմանավորվում էինք, միմյանց հարց էինք տալիս, մենք ինքներս մեզ վարձատրում էինք մեր աշխատանքի համար: Հիմա ԲՀԿ-ն տենց բաներ չի անում։ Ես չգիտեմ, տենց բան չի կարող լինել։ Տես՝ դուք լրագրողներ եք, եկաք Արարատ, ինքներդ հետաքննություն անցկացրեցի՞ք, թե ինչ ա կատարվում։ Չէ′։ Դուք մեզ հարցնում եք ինչ-որ բաներ, բայց երբ ձեզ պետք էր՝ պատվեր ստացաք օֆշորի մասին խոսելու, խոսեցիք։ Էդ օֆշորը բացահայտե՞լն էր հեշտ, թե՞ Արարատի դեպքերը, կամ՝ Երևանի քաղաքապետի դեպքերը։ Հիմա միայն լրագրողներն են պատվեր ստանում»,-հստակ ասաց նա։
Մեր հարցին, թե՝ այսինքն քաղաքական գործիչները պատվեր չեն ստանու՞մ, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Մենք էլ ենք ստանում, դուք էլ եք ստանում, բոլորս պատվերի մեջ ենք, և պատվիրատուները լավ էլ ծաղրում են բոլորիս»։










