Սարգսյան-Ալիև հանդիպումը, դժվար թե, ինչ-որ ճեղքում առաջացնի կոնֆլիկտի լուծման հարցում. Ալեքսանդր Մարգարով
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը գտնում է, որ այս տարվա վերջին ակնկալվելիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, դժվար թե, ինչ-որ ճեղքում առաջացնի հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ կամ կոնֆլիկտի լուծման հարցում:
«Երկար դադարից հետո հանդիպումից դժվար կարելի է հեղափոխական իրավիճակ ակնկալել կոնֆլիկտի հարցում։ Բանակցային ձևաչափը շարունակում է հանդես գալ որպես բանական և տրամաբանական, իսկ այն կոչերը, որոնք անում են համանախագահները, գուցե կարող են օգնել»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ կոնֆլիկտը կրում է քաղաքական և ազգամիջյան բնույթ, այդպիսի կոնֆլիկտների կարգավորումը կամ քաղաքական, կամ ռազմաքաղաքական լուծում է պահանջում: Իսկ Ադրբեջանը քաջ գիտակցում է այն սպառնալիքները, որոնք ասոցացվում են ռազմական գործողությունների վերսկսման հետ:
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին՝ բանախոսը նշեց, որ այցի պաշտոնական հայտարարությունը դեռևս չկա, բայց որոշ ազդանշաններից կարելի է ենթադրել, որ այցը տեղի կունենա:
Նա ընդգծեց, որ դեկտեմբերին նաև հայ-ռուսական բիզնես-ֆորում է նախատեսված, ինչի վերաբերյալ նույնպես պաշտոնական հայտարարություն չկա:
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք սպասվող Վիլնյուսի գագաթնաժողովին: Այստեղ խոսքն այն մասին է, թե արդյոք ստորագրվելո՞ւ է փաստաթուղթ, և թե ինչ բնույթ է այն կրելու»,- ասաց Ալեքսանդ Մարգարովը:
Շանթ Հարությունյանի գործողությունների մասին քաղաքագետն ասաց, որ որոշ իմաստով ընդդիմության մեջ ռադիկալ տրամադրությունները միշտ ներկա են, իսկ այդ բնույթի ռադիկալիզմը ժողովրդավարական հասարակության համար այնքան էլ ընդունելի չէ: «Այս բնույթի ընդդիմության մեջ պետությունը կիրառել է այն ապարատը, որի իրավունքն ուներ: Բայց մյուս կողմից մենք տեսնում ենք ընդդիմադիր զանգված, որը պատրաստ է գնալ նման քայլերի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դժվար թե այդ քայլն օժանդակություն գտնի:










