Քվեարկելու եմ հանուն ՀՀ-ի և ԼՂՀ-ի անկախության, քվեարկելու եմ ընդդեմ սառը և պրագմատիկ հուսահատության. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

16:22 • 12.11.13

Նիկոլ Փաշինյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ԱԺ ներկայացված ՀՀ-ի կողմից «ԼՂ անկախությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկելու. այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց նա, ով թերևս միակն էր պատգամավորներից, ով կողմ էր քվեարկելու և բացատրեց, թե ինչու։

 

«Համարում եմ պատեհ առիթ անվստահություն հայտնելու ԼՂՀ հարցում իշխանության վարած քաղաքականությանը։ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի պաշտոնավարման արդյունքում Ղարաբաղը կորցրել է իր տեղը բանակցությունների սեղանից և միջազգային բազմաթիվ ատյաններ փաստաթղթեր են ընդունել, որ իրենց ընկալմամբ ԼՂ հարցը տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը հարցի բովանդակության բացահայտ խեղաթյուրում է։ Վերջին նմանօրինակ բանաձևն ընդունվել է հոկտեմբերի 23-ին ԵԽ-ի կողմից»,-ասաց նա և արձանագրեց, որ սա ՀՀ-ի արտաքին քաղաքականության ձախողում է։


«Գործող իշխանությունը չունի պատկերացում, թե ինչպես է Ղարաբաղին վերադարձնելու բանակցային սեղանի շուրջ և ինչպես է հասցնելու հարցը այնպիսի լուծման, որ բխում է հայոց պետականության շահերից»,-ասաց նա։


Փաշինյանն անդրադարձավ Զորի Բալայանի «տխրահռչակ հոդվածին»։ «Այն նշանակում է փաստացի հրաժարում բոլոր այն նպատակներից ու իդեալներից, որոնք ժողովուրդը որդեգրել է 88-ի Ղարբաղյան շարժման տարիներին և որոնք դրված են ՀՀ-ի և ԼՂՀ-ի անկախության հիմքում»,-ասաց նա և եզրակացրեց, որ «իրավական, սոցիալական, արտաքին քաղաքական մակարդակներում հետևողական քայլեր են արվում ԼՂՀ անկախության իդեալները ՀՀ քաղաքացու գիտակցությունից արմատախիլ անելու համար»։

 

«Ամեն ինչ արվում է, որ 88-ի անկախության պայքարը ընկալվի որպես չհասկացված մի քայլ, էմոցիոնալ պայքար, ինչը չի համապատասխանում էությանը։ Ես կողմ եմ քվեարկելու ոչ թե այն պատճառով, որ դեմ եմ սառը և պրագամատիկ հաշվարկին, այլ այն պատճառով, որ օրվա իրավիճակը հասկանում եմ սառը և պրագմատիկ, հատկապես հիմա, որ պետք է հստակ ուղերձ հղել միջազգային հանրությանը, սփյուռքի մեր հայրենակիցներին, որ Հայաստանում կան մարդիկ, ուժեր, ովքեր ՀՀ-ի անկախությանը հավատում են նույնպիսի ոգևորությամբ ու ուժգնությամբ, ինչպես հավատում էին 88-ին։ Ես քվեարկելու եմ հանուն ՀՀ-ի և ԼՂՀ-ի անկախության և քվեարկելու եմ ընդդեմ սառը և պրագմատիկ հուսահատության»,-եզրափակեց նա։