Երբ Ադրբեջանը անհրաժեշտ զինամթերք ունենա, այն ժամանակ, այսպես թե այնպես, պատերազմը կսկսի. Զարուհի Փոստանջյան

16:29 • 12.11.13

ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու վերաբերյալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի քննարկումն անցնում է գրեթե կիսադատարկ դահլիճում։ Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ 2007-ից իրենք առաջարկում են այս քայլն անել, սակայն իշխանությունը միշտ մերժում է:


Հանրապետական պատգամավորները տեղից արձագանքեցին, թե պետք չէ հուզվել, ինչին ի պատասխան Փոստանջյանը նշեց. «Չեմ հուզվում, բայց բացարձակ երջանիկ էլ չեմ, որ այս հարցի քննարկման ժամանակ պատգմավորները ներկա չեն դահլիճում»:


Ապա ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարցրեց Փոստանջյանին, թե արդյոք անկախության ճանաչման դեպքում Ադրբեջանը չի՞ ակտիվացնի իր ռազմական գործողությունները և ավելի հաճախակի խախտի հրադադարի ռեժիմը: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ առանց ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման էլ այդ իրավիճակը չի կարող փոխվել։


Ըստ նրա. «Երբ Ադրբեջանը պատրաստ լինի, ունենա անհրաժեշտ զինամթերք, այդ ժամանակ, այսպես թե այնպես, կսկսի պատերազմը»:


«Իսկ Արցախը պետք է լինի առանցքային բանակցող կողմ: Այդպես էլ եղել է, ուղղակի հետագայում մեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով Արցախը դուրս է մղվել այդ գործընթացից»,- եզրափակեց Փոստանջյանը: