88 կողմ և 13 դեմ քվեարկությամբ ԱԺ-ն Վերահսկիչ պալատի նախագահ վերընտրեց Իշխան Զաքարյանին

13:41 • 12.11.13

Ազգային ժողովը հավանության տվեց Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված Իշխան Զաքարյանի թեկնածությունը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում։ ՎՊ նախագահի ընտրությանը մասնակցել էր 101 պատգամավոր, որից կողմ էր քվեարկել 88-ը և դեմ 13-ը, ձեռնպահ չէր գրանցվել։


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Իշխան Զաքարյանին և հրավիրեց ամբիոնի մոտ։ «Պարոն Զաքարյան շնորհավորում եմ և մաղթում բեղմնավոր աշխատանք»,- ասաց նա։


Իշխան Զաքարյանն իր հերթին նման վստահության համար շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին և ԱԺ-ին։ «Իմ թեկնածությունը շատ ավելի պարտավորեցնում է, քան առաջին անգամ իմ ընտրվելու պարագայում։ Ես ինչի մասին ասել եմ ԱԺ-ում համոզված եղեք, որ անելու եմ, պահպանելու եմ, և հետագայում դա իմ աշխատանքում կերևա»,- նշեց նա։