ԼՂ բանակցային գործընթացը տեղում դոփում է Ադրբեջանի պատճառով. Շավարշ Քոչարյան

22:27 • 12.11.13

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն առաջընթաց չի ապրում ակնհայտորեն՝ Ադրբեջանի քաղաքականության պատճառով: Այս մասին Tert.am-ին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան հարցի, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերին նախատեսված հանդիպումն ի՞նչ թարմություն կարող է հաղորդել բանակցային գործընթացին, որը, համաձայն որոշ փորձագիտական գնահատականների, դե ֆակտո գոյություն չունի:

 

«Իրենց ռասիստական, հայատյաց, ռազմատենչ, միջազգային իրավունքն աղավաղող քաղաքականության պատճառով աղավաղում են պատմությունը, բուն բանակցային գործընթացը և նաև՝ հրաժարվում բոլոր այն առաջարկություններից, որ անում են համանախագահները»,- ասաց Շավարշ Քոչարյանը:


ՀՀ փոխարտգործնախարարը մանրամասնեց, որ իր գնահատականները վերաբերում են ինչպես դիպուկահարներին հետ քաշելու, այնպես էլ՝ հրադադարի խախտման դեպքերի հետաքննություններին։

 

«Հիմա, հասկանալի է, որ նման դիրքորոշման դեպքում առաջընթաց չի կարող լինել, և եթե այդ հանդիպումը նպաստի, որ այդ հարցերում Ադրբեջանի դիրքորոշումն սկսի փոխվել, ապա դա կարելի է համարել առաջընթաց»,–ասաց Քոչարյանը:

 

Այնուամենայնիվ՝ նա չի կարծում, որ նման առաջընթաց կլինի՝ դատելով պաշտոնական Բաքվի հայտարարություներից: «Հաշվի առնելով այն, ինչ լսում ենք Ադրբեջանից վերջին ժամանակահատվածում, դրա հավանականությունը փոքր է»,- ասաց նա:

 

Նշենք, որ վերջերս կատարած տարածաշրջանային այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին շրջանում առաջին անգամ հայտարարել էին, որ եթե կողմերից մեկը ռազմական գործողություններ ծավալի (շփման գծում սահմանային պարբերական միջադեպերի մասին է խոսքը) մասնավորապես՝ այս պահին, ապա դա կարող է դիտարկվել միայն՝ որպես խաղաղ գործընթացը խափանելու փորձ:

 


Ւ պատասխան հարցի, թե՝ սա նշանակո՞ւմ է, որ պատերազմի վտանգն այլևս այնքան մեծ է, որ արդեն նման շեշտադրումներ են հնչում, դիվանագետն ասաց.«Ովքեր հետևում են, շատ լավ նկատել են, որ վերջին ժամանակահատվածում համանախագահությունն ունի երկու առաքելություն. մեկը՝ նպաստել, որ կողմերը գան փոխհամաձայնության, ինչը խափանում է Ադրբեջանը, և երկրորդը՝ ամեն ինչ անել, որ առկա փխրուն զինադադարը նորից չվերաճի ռազմական գործողությունների: Հիմա իրենց շեշտադրումը վերաբերում է երկրորդ առաքելությանը, և այդ տեսանկյունից պետք է դիտարկել Մինսկի խմբի համանախագահների և՛ հայտարարությունները, և՛քայլերը»: