Սիրիայի ապստամբները կոչ են անում Հորդանանում գտնվող փախստականներին միանալ իրենց. ԶԼՄ-ներ
Հորդանանի իշխանությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների արգելքը չի խանգարել սիրիացի ապստամբներին մարտիկների հավաքագրում իրականացնել փախստականների «Զաատարի» ճամբարում, գրում է Взгляд-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Փախստականներին կոչ է արվում միանալ Սիրիայի կառավարական զորքերի դեմ ռազմական գործողություններին ճամբարի տարածքում աղոթքների ժամանակ: «Զաատարի»-ում աշխատում են քարոզիչներ, որոնք բարձրախոսների միջոցով կոչ են անում փախստականներին մասնակցել ռազմական գործողություններին։
Հորդանանի կառավարության ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ այդ տվյալների հաստատման դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, քանի որ «դա օրենքի խախտում է»:
Գործակալությունն ընդգծում է, որ տվյալներ ունի միայն Արևմուտքի աջակցությունը վայելող Սիրիական ազատ բանակի ապստամբների կողմից իրականացվող հավաքագրման մասին:










