Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան հաստատել է, որ կմասնակցի «Ժնև2»-ին

08:54 • 12.11.13

Սիրիայի ազգային ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան հաստատել է պատրաստակամությունը՝ «Ժնև-2» խաղաղ համաժողովին մասնակցելու համար։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հայտարարությունը կոալիցիան արել է Ստամբուլում կայացած գլխավոր ասամբլեայի նիստից հետո։


«Գլխավոր ասամբլեան հաստատել է պատրաստակամությունը՝ ժնևյան կոնֆերանսին մասնակցելու, որի հիմնական հարցը կլինի իշխանության փոխանցումն անցումային կառավարությանը։ Այդ մարմինը պետք է լիակատար գործադիր իշխանություն ունենա՝ ներառյալ նախագահական, և վերահսկի ռազմական ապարատն ու ազգային անվտանգության ուժերը»,- ասված է հայտարարության մեջ։


Ինչպես նշված է փաստաթղթում, «Ասադի ռեժիմն ու դրա հետ կապ ունեցող անձինք հնարավորություն չեն ունենա դեր խաղալ անցումային կառավարությունում և Սիրիայի ապագայի հարցում»։


Կոալիցիան նաև պնդել է, որ մինչև համաժողովի անցկացումը երկրում պետք է հումանիտար օգնություն հասցվի Կարմիր խաչի, Կարմիր մահիկի և այլ կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև ազատ արձակվեն բանտարկյալները՝ հատկապես կանայք և երեխաները։