Հավաք Կառավարության շենքի դիմաց և երթ դեպի դատապարտյալների հիվանդանոց՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի (ուղիղ)
Ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ դերասաններ, երիտասարդներ, «Նախախորհրդարանի» անդամներ, հասարակական գործիչներ: Նրանք պահանջում էին փոխել Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշումը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց հավաքի կազմակերպիչ Լիլիթ Համբարյանը, իրենք այս կերպ փորձում են ցույց տալ, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ անօրինական որոշում է կայացվել և նրա նկատմամբ խափանման միջոցը պետք է փոխվի:
«Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն էլ, անդրադառնալով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի հայտարարությանը, ընդգծեց, որ այն «սիրուն չի»-ի տրամաբանության մեջ է:
Հիշեցնենք, որ երեկ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարել էր, որ ՀՀ նախագահը իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, սակայն խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում:
Նշենք, որ այս պահին հավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի դատապարտյալների հիվանդանոց, որտեղ այժմ գտնվում է Վարդան Պետրոսյանը:










