Ֆիլիպիններին է մոտենում «Զորիադա» ցիկլոնը, որը կարող է բարդացնել իրավիճակը «Հայան» թայֆունից հետո

08:41 • 12.11.13

Ֆիլիպինների Մինդանաո կղզուն է մոտեցել «Զորիադա» ցիկլոնը, որն իր հետ այդ տարածքում կբերի անկայուն անձրևային եղանակ և կբարդացնի իրավիճակը «Հայան» թայֆունից տուժած շրջաններում, գրում է ИТАР-ТАСС-ը։


Ըստ ֆիլիպինցի օդերևութաբանների՝ քամու առավելագույն ուժգնությունը կազմում է 55 կմ/ժ։ Սակայն դեռևս պարզ չէ, կվերածվի՞ արդյոք «Զորիադան» արևադարձային ուժեղ փոթորիկի։


Այն տեղաշարժվում է դեպի հյուսիս-արևմուտք և գրեթե կրկնում է «Հայան» թայֆունի հետագիծը։ Սակայն իրենց մասշտաբներով և կործանարար ազդեցությամբ այս երևույթները անհամեմատելի են, բացատրում են մասնագետները։


Հիշեցնենք, որ վերջին օրերին Ֆիլիպիններին պատուհասած «Հայան» թայֆունը հազարավոր մարդկանց կյանք էր խլել և մեծ ավերածություններ պատճառել երկրին։