Վիզաների դյուրացման համաձայնագրում արտագաղթի վտանգ կա. Ահարոն Ադիբեկյան
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ հայաստանցու համար թափանցել որևէ երկիր խնդիր չէ, և անկախ նրանից մուտքի արտոնագիր ստանալը դժվար է, թե հեշտ, գնացողը գտնում է ճանապարհը: Բայց դա չի նշանակում, որ վիզաների դյուրացման համաձայնագիրն իր մեջ արտագաղթի վտանգ չի պարունակում: «Ես դրա մեջ պրոբլեմ չեմ տեսնում դրական առումով, իսկ բացասական առումով, գուցեև, արտագաղթի ծավալներն աճեն»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ այդ համաձայնագիրը կարելի է համարել լայն ժպիտ վատ խաղի դեպքում, երբ ԵՄ-ն չկարողացավ ներգրավել ՀՀ-ին, դա փոքր լումա է Հայաստանին այդ շրջանակներում պահելու գործում: «Եթե շենգենյան վիզան 60 եվրոյից դարձել է 30 եվրո, դա մեծ փոփոխություն չէ: Եթե Եվրոպան ուզում է Հայաստանին ձգի իր ուղեծիր, պետք է մեծացնի ներմուծումների ծավալը»,- ասաց նա:
Սոցիոլոգն անդրադարձավ նաև Հայաստան վերադարձողների ծավալին և ասաց, որ տարեկան մեկ միլիոն մարդ վերադառնում է: «Վերադարձը լինում է միայն այն դեպքում, երբ այնտեղ տակ են տալիս, հիմնականում աշխատում են տաքսու վարորդ կամ վերավաճառող, հետ են գալիս այստեղ ու նույն աշխատանքով զբաղվում»,- նշեց նա:










