Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գողի» համաձայնությամբ ադրբեջանցի գործարարներ առևանգող ադրբեջանցին

14:16 • 13.11.13

ՌԴ ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցի մի տղամարդու, որը, ենթադրաբար, առևանգման նպատակով զոհեր է փնտրել՝ աշխատելով «օրենքով գող» Գուլույի համար, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։

 

Ինչպես նշել են ՌԴ ներքին գործերի նախարարությունից, ոստիկանները նախ բացահայտել են խմբավորումը, որը մարդկանց է առևանգել՝ փրկագին պահանջելով, և ձերբակալել դրա ենթադրյալ ղեկավարներից մեկին։

 

«Հետագայում ոստիկանները հայտնաբերել են այդ խմբավորման մեկ այլ ակտիվ մասնակցի՝ Ադրբեջանի 26-ամյա քաղաքացի Ռազիմ Ահմեդովին։ Նա կապ ունի Ադրբեջանում պատիժ կրող «օրենքով գող» Նադիր Սալիֆովի հետ՝ «Գուլու» մականունով»,-ասել են գերատեսչությունում։

 

Օպերատիվ տվյալներով՝ կալանավայրում գտնվող «հեղինակությունը» ղեկավարում է Ռուսաստանում գործող էթնիկ խմբերին, որոնք զբաղվում են իրենց համերկրացի գործարարների առևանգումներով։