Ազնավուրը խոստովանել է, որ ժամանակին գումար է նվիրաբերել քաղաքական գործիչներին իր ֆինանսական խնդիրները կարգավորելու համար

13:57 • 13.11.13

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել franceinfo.fr-ին, որտեղ այլ թեմաներից զատ խոսել է նաև վերջերս հրատարակված «Քանի դեռ իմ սիրտը բաբախում է» ինքնակենսագրական գրքից:

 

Հարցազրույցի ժամանակ Ազնավուրը խոստովանել է, որ ժամանակին գումար է նվիրաբերել քաղաքական գործիչներին՝ իր ֆինանսական խնդիրները կարգավորելու համար: Բայց միևնույն ժամանակ իրեն հարցնում է, թե արդյոք իրեն չի խաբել «միջնորդը», գրում է franceinfo.fr-ն:

 

Շառլ Ազնավուրի համար միշտ դժվար է եղել ընդունել այն փաստը, որ նա ստիպված է եղել 1970-ականներին լքել Ֆրանսիան և մեկնել Շվեյցարիա՝ հալածվելով հարկային տեսչությունների կողմից: Այսօր նա վճարում է իր հարկերը Ֆրանսիայում:

 

«Այն, ինչ նրանք ներկայացրել են, ճշմարտությանը չի համապատասխանել: Քաղաքականության մեջ կային մարդիկ, որոնք, թվում է՝ կարող էին կազմակերպել ինձ հալածելը, և ես որոշակի առձեռն գումար եմ տրամադրել նրանց ձայների համար, որ նրանք պետք է ստանային»,- ասում է նա՝ հավելելով. «Դա թանկ արժեցավ ինձ: Բոլոր կողմերից»։