Կույրերի միջազգային օրը Ալբերտ Աբգարյանը խոսեց ձեռքբերումներից և Կույրերի միավորման ղեկավարության «ապաշնորհ գործունեությունից»
Նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հարմոնիա» կույր անձանց հասարակական կազմակերպության ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից Ալբերտ Աբգարյանը խոսեց տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հիմնահարցերից և նաև ձեռքբերումներից, որոնք ըստ նրա, քիչ չեն։ Ըստ ՀԿ նախագահի, մեկ տարվա ընթացքում բավական աշխատանք է կատարվել, բայց դա չի նշանակում, թե լուծվել է կարևոր խնդիրը՝ զբաղվածության հարցը։ Ալբերտ Աբգարյանի խոսքով՝ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հիմնական մասը, եթե ոչ բոլորը, ապրում են թոշակի հույսին։
«Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող տեսողական խնդիրներով անձի թոշակը 18 000 դրամ է, որը հունվարի մեկից 1500 դրամով կավելանա»,-ասաց նա։
Ալբերտ Աբգարյանը նկատեց, թե ինքը միակն է, ով տեսողական խնդիրներ ունի և աշխատում է պետական համակարգում, այսինքն՝ նախագահի աշխատակազմում։
«Պետական համակարգում տեսողության խնդիր ունեցող և աշխատող միայն ես եմ, մասնավոր սեկտորում ևս կան, բջջային օպերատորների մոտ կան հաշմանդամություն ունեցող աշխատողներ, բայց այնտեղ էլ տեսողական խնդիրներ ունեցողներ չկան, միայն հենաշարժողական խնդիրներ ունեցողներ են։ Ես կուզեի, միայն ՀՀ նախագահի օրինակը չլիներ, այլ պետական համակարգի անձանց բարեհաճ վերաբերմունքը լիներ և սրտացավությունը։ Իմ փորձը բոլորդ գիտեք, մյուս գործատուներն էլ պետք է դրական իմաստով վարակվեն այս փորձից և նպաստեն, ոչ թե բարեգործության տեսքով, այլ հնարավորություն տալով այս մարդկանց»,-ասաց նա։
Ալբերտ Աբգարյանը հիշեցնում է, որ խորհրդային շրջանում նման խնդիրներ ունեցողները զբաղվում էին հիմնականում էլեկտրական սարքերի արտադրությունում, որոնք փակվեցին, և այդ մարդիկ անգործության մատնվեցին:
Այս վիճակի համար ՀԿ-ի նախագահը ոչ պակաս մեղավոր է համարում Կույրերի միավորման ղեկավարությանը։
«Նման վիճակում են հայտնվել Կույրերի միավորման ղեկավարության ապաշնորհ գործունեության պատճառով, քանի որ միավորման բալանսի վրա բազմաթիվ շենքեր ու միավորումներ կան, որոնք ղեկավարությունը վարձակալության է տալիս և անհասկանալի է՝ ուր են գնում այդ գումարները։ Մինչդեռ կարող էին ներդրողներ գտնել, խոշոր ծրագրեր անել այդ շենքերում, սեփական ուժերի և համադրողների միասնական աշխատանքի արդյունքում մրցունակ արտադրանք ստեղծել: Անպայման սպառում կլիներ, մարդիկ կունենային աշխատատեղեր, հաշմանդամության ունեցողներն էլ միայն թոշակի հույսին չէին մնա»,-նշեց նա։
Ինչ վերաբերվում է դրական առաջընթացին, ապա ըստ նրա՝ «Հաշմանդամների մասին օրենքի նախագիծը ԱԺ է մտել և քննարկվում է, իսկ դրա առավելությունը կլինի այն, որ արդյունքում զբաղվածության հարցերում որոշակի առաջընթաց կապահովի պարտադիր քվոտան՝ 2015թ.-ից պետական համակարգում, իսկ 2016 թ.-ից մասնավոր:
Նա տեղեկացրեց, որ պայմանավորվածություն կա քաղաքապետարանի և ՃՈ-ի հետ՝ սկզբնական շրջանում կենտրոնական փողոցներում ձայնային ազդանշաներով լուսակիրներ տեղադրելու համար. արդեն իսկ Հյուսիսային պողոտայում դրվել է մեկ փորձնական ձայնային լուսակիր։
«Պետք է ասեմ նաև այս ընթացքում հրապարակվել են գեղարվեստական ստեղծագործություններ՝ խոսող գրքերի տեսքով և՛ մեր կազմակերպության, և՛ այլ մասնավոր անձանց կողմից, որովհետև տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ ունեն գրքի ծարավ»,-ասաց նա։










