Դամասկոսում հուղարկավորել են ականի պայթյունից զոհված երկու հայ աշակերտներին

12:13 • 13.11.13

Դամասկոսում երեկ կայացել է նոյեմբերի 11-ին Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ պայթած ականի հետևանքով զոհված  հայ աշակերտներ Հովհաննես Աթոքանյանի (առաջին դասարան) և Վանեսա Միխո Պետրոսի (երկրորդ դասարան) հուղարկավորության արարողությունը, տեղեկացնում է լիբանանյան «Ազդակ» օրաթերթի Դամասկոսի թղթակիցը։

 

Սիրիական լրատվամիջոցները ևս անդրադարձել են տեղի ունեցած ողբերգությանը և հարցազրույցներ ունեցել Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի և Ճեմարանի հոգաբարձուների խորհրդի ատենապետի հետ։

 

Նույն օրը երեկոյան Սիրիայի ներքին գործերի նախարար Մոհամեդ Շաարը Դամասկոսի նահանգապետի հետ այցելել է Թարգմանչաց ճեմարան։

 

Երեխաների հուղարկավորությանը ներկա են եղել քույր եկեղեցիների հոգևորականներ և դամասկահայերի հոծ բազմություն։

 

Հուղարկավորության արարողության ընթացքում ելույթ են ունեցել Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն ու ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, ով փոխանցել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքը։

 

Ի հիշատակ ճեմարանի զոհերի՝ նոյեմբերի 17-ին հոգեհանգստի պատարագ կմատուցվի Դամասկոսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում։