Կալանքը՝ որպես խափանման միջոց, չափից դուրս շատ է կիրառվում. Դավիթ Հարությունյան

22:06 • 13.11.13

Դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու՝ դատարանի որոշման արդարացի կամ՝ ո´չ արդարացի լինելու մասին Tert.am-ի հետ զրույցում «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը զերծ մնաց կարծիք հայտնելուց: Նա նշեց, որ ի տարբերություն շատերի, ինքը՝ որպես իրավաբան, չի կարող կարծիք հայտնել՝ հենվելով ասեկոսեների և հրապարակումների վրա:

 

Մեր այն դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշումից և բարձրացած աղմուկից հետո անգամ ՀՀ նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց, որ նախագահը խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ինքը ևս հարցը մտահոգիչ է համարում:

 

«Այո´, կարծում եմ, որ կալանքը՝ որպես խափանման միջոց, չափից դուրս շատ է կիրառվում: Այս մասին խոսում է նաև՝ Վճռաբեկ դատարանը»,-ասաց պատգամավորը:


Հարցին, թե՝ իր կարծիքով՝ որն է պատճառը, որ դատավորները խափանման միջոցի այլ տարբերակներից չեն օգտվում, այլ՝ նախընտրում է կալանավորումը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝«կարծրատիպերը»: