Հայաստանը պետք է հաղթահարի Թուրքիայի հանդեպ անվստահությունը. Դավութօղլու

11:37 • 13.11.13

Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանի խնդիրների շուրջ միանման մոտեցում ունեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ թուրքական NTV հեռուստաընկերության եթերում։

 

Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բազմաթիվ նախագծեր ունեն։
 

Ահմեթ Դավութօղլուն այցելել է նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Թուրքիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և քննարկել Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

 

Դավութօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ջանքեր են գործադրվում երեք ուղղություններով՝ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, և սփյուռքն էլ ներառող հայ-թուրքական շփումներ։

«Հայաստանը պետք է հաղթահարի մեր հանդեպ ունեցած անվստահությունը, ինչպես նաև չանտեսի Ադրբեջանի արդար պահանջները»,-ասել է նա։

 

Դավութօղլուն ասել է նաև, որ Հայաստանում և Ադրբեջանում կայացած ընտրություններում հաղթած և ուժեղացած առաջնորդների առկայությունը Կովկասում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ պայմաններ է սկսել ձևավորել։

 

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ հաջորդ շաբաթների ընթացքում պատրաստվում է այցելել ԱՄՆ և Ռուսաստան, և այդ այցերի ընթացքում քննարկելու է Կովկասում խաղաղության հաստատման խնդիրը։
 

«20 տարուց ավելի սառած հակամարտությունը ջերմացնել է պետք։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանիսայի ներկայացուցիչներից բաղկացած Մինսկի եռյակը մինչ այժմ հակամարտությունը լուծման չի հասցրել։ Ներկայում մենք համոզված ենք, որ աստիճանաբար նպատակին հասնելուն ուղղված քայլերն ավելի առողջ արդյունքի կհանգեցնեն»,-ասել է նա։