«Forbes Ուկրաինայի» լրագրողներն ի նշան բողոքի դուրս են եկել աշխատանքից

10:04 • 13.11.13

«Forbes Ուկրաինա» ամսագրի մի քանի լրագրողներ դուրս են եկել աշխատանքից նոր խմբագրական քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով, գրում է lenta.ru-ն: Այդ մասին հայտնել է լրագրող Մուստաֆա Նայեմը, որը Twitter-ում է տեղադրել աշխատանքից դուրս գալու դիմումի պատճենը:

 

Ցանկում 13 ազգանուն կա, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Բորիս Դավիդենկոյի, ամսագրի կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ռուբանի և կայքի գլխավոր փոխխմբագիր Կատերինա Կոբերնիկի ազգանունները:

 

«Անձնակազմի մեծ մասի աշխատանքից դուրս գալու պատճառը խմբագրական քաղաքականությունը փոխելու փորձերն են»,- ասված է հայտարարության մեջ:

 

Forbes ամսագիրը հրատարակելու արտոնագիրը պատկանում է UMH մեդիահոլդինգին, որն ամռանը գնել է 27-ամյա գործարար Սերգեյ Կուրչենկոն՝ Խարկովից: Գնման նախօրեին Forbes-ը հոդված է հրապարակել, որտեղ պատմվել է Կուրչենկոյի և նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու ընկերության մասին:

 

Այս ամսվա սկզբին ուկրաինական Forbes-ն Ալեքսանդր Յանուկովիչին ճանաչել է Ուկրաինայի «ամենադինամիկ գործարար»: