«Ես ազատ եմ». Լուսանկարների ու տեսանյութերի մրցույթ՝ «Ամերիաբանկի» կողմից
«Ավելին իրագործելու ազատության կարգախոսի ներքո» «Ամերիաբանկը» հայտարարում է «Ես ազատ եմ» թեմայով մրցույթ, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
«Մենք մեր ամբողջ գաղափարախոսությունը փորձում ենք կառուցել ազատության գաղափարի վրա: Մենք մեզ փորձում ենք դիրքավորել որպես ունիվերսալ բանկ և սկսում ենք իմիջային արշավ, որի հիմնական գաղափարը լինելու է՝ «Ես ազատ եմ»: Ինչ վերաբերում է մրցույթին, ապա մասնակիցները պետք է լուսանկարների ու տեսանյութերի միջոցով արտահայտեն, թե ինչ է իրենց համար ազատությունը»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը:
Նա ընդգծեց, որ մրցույթը մեկնարկում է այսօր՝ նոյեմբերի 13-ին և տևելու է մեկ ամիս: Բոլոր մասնակիցներն իրենց լուսանկարներն ու տեսանյութերը կարող են բեռնել www.esazatem.am կայքում, ինչպես նաև Facebook սոցիալական կայքի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի պաշտոնական էջում:
«Մրցույթում հաղթող կճանաչվեն երեք լուսանկար և երեք տեսանյութ: Հաղթող կճանաչվեն այն լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք բոլորից շատ «լայքեր» կհավաքեն սոցիալական կայքում և դուր կգան բանկի աշխատողներին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մրցանակներին, ապա Տիգրան Ջրբաշյանը խոստացավ, որ դրանք կլինեն աննախադեպ:
«Մրցանակները ազատության գաղափարի վրա են հիմնված լինելու, այսինքն՝ տալու ենք ընտրության հնարավորություն»,-ասաց նա:
Նշնենք նաև, որ մրցույթում հաղթած լուսանկարներն ու տեսանյութերը կօգտագործվեն բանկի՝ հետագայում իրականացվելիք արշավի շրջանակում: Մրցույթը կավարտվի դեկտեմբերի 13-ին, որից մեկ շաբաթ հետո կամփոփվեն արդյունքները:










