Կատակերգու Ջիմի Քիմելի անհաջող կատակը Նյու Յորքում և Լոս Անջելեսում չինական սփյուռքի բողոքի ակցիաների պատճառ է դարձել

12:24 • 13.11.13

Հայտնի ամերիկացի կատակերգու դերասան Ջիմի Քիմելի անհաջող կատակը միջազգային սկանդալ է առաջացրել և Նյու Յորքում ու Լոս Անջելեսում չինական սփյուռքի բողոքի ակցիաների պատճառ դարձել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

ABC-ի իր «Ջիմի Քիմել լայվ» հեռուստաշոուի ընթացքում դերասանը «Մանկական կլոր սեղան» է կազմակերպել՝ տարրական դպրոցի չորս աշակերտների մասնակցությամբ: Նրանց հետ զրույցում դերասանը խորհուրդ է հարցրել, թե ինչպես ԱՄՆ-ն փակի 1,3 տրիլիոն դոլարի պարտքը Չինաստանին: Երեխաներից մեկն առաջարկել է «գնալ աշխարհի մյուս ծայրն ու սպանել բոլոր չինացիներին»: Քիմելը դա «հետաքրքիր գաղափար» է անվանել:

 

Այդ արտահայտությունն անմիջապես բողոքի ալիք է առաջացրել ԱՄՆ-ի չինական համայնքում. Նյու Յորքի փողոցներ է դուրս եկել մոտ 500 մարդ: Բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել նաև Լոս Անջելեսի չինական թաղամասում:

 

Հեռուստաընկերությունը և հաղորդավարն արդեն ներողություն են խնդրել, սակայն դա չի գոհացրել չինական սփյուռքի ներկայացուցիչներին: Նրանք Բարաք Օբամային ուղղված խնդրագիր են ուղարկել՝ պահանջելով հետաքննություն անցկացնել Քիմելի և հեռուստաընկերության նկատմամբ:

 

«ABC հեռուստաընկերությունը պետք է ընդունի իր սխալը և միջոցներ ձեռնարկի ապագայում նման միջադեպերը կանխելու համար»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: