Մարգարիտ Եսայանը իր դեմ գործող պատվիրատուներ է տեսնում
Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն իր դեմ գործող պատվիրատուներ է տեսնում: Facebook-ի իր էջում ՀՀԿ-ական պատգամավորն առանց կոնկրետ անուններ նշելու և դեպքերը մասնավորեցնելու գրել է. «Որոշ պատվիրատուների, էս պահին իրենք իրենց բաժին հասածից ապշածների, անգրագետների և անբարոյականների առայժմ խորհուրդ եմ տալիս՝ ոչ մի կայքի կամ թերթի իմ անվան հետ կապված պատվերներ չտալ, ընդհանրապես, մոռանալ իմ անունը, որովհետև ինչքան էլ հաց ու պանիր ուտեք, ինձ հասնել չեք կարող, և երկրորդ՝ պատվեր տվողներ, ձեր ականջները շատ երկար են և երևում են»,-գրել է Մարգարիտ Եսայանը:
Նա առայժմ խորհուրդ է տալիս, իսկ կրկնվելու դեպքում խոստանում է նրանց դեմ պայքարել նրանց իսկ զենքով: «Չե՞ք կասկածում, չէ, որ բոլորիդ մասին լրջագույն տեղեկացվածություն ունեմ ....»,-գրել է Մարգարիտ Եսայանը:
Հիշեցնենք, որ մի շարք կայքեր այսօր հրապարակել էին ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի ու Կարինե Աճեմյանի միջև այսօր ԱԺ միջանցքում ծագած վեճը, երբ նախ ցածրաձայն փորձել էին պարզել այսօր մամուլում տպագրված հոդվածի պատճառները, ապա աստիճանաբար ձայները բարձրացրել էին, ինչի ընթացքում պարբերաբար լսվում էր. «Մի հատ ձայնդ մի բարձրացրու, իյա»:










