Մուրսին որոշել է դատի տալ իրեն տապալած բանակին
Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ, իսլամիստ Մուհամմեդ Մուրսին հայտարարել է, որ մտադիր է դատի տալ երկրի նոր իշխանություններին, որոնք իշխանության են եկել հուլիսյան հեղափոխության արդյունքում, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Մուրսին պատրաստվում է բողոքել այն բանի դեմ, որ իրեն առևանգել են տապալումից մեկ օր առաջ:
Փաստաբան Մուհամմեդ Դամատին տեղի հեռուստաընկերության եթերում ընթերցել է Մուրսիի ուղերձը Եգիպտոսի ժողովրդին: Նախկին նախագահը, որը գտնվում է Կահիրեի բանտերից մեկում, հայտարարել է. «Եգիպտոսի քաղաքացիները պետք է իմանան, որ ինձ արդեն առևանգած են եղել հուլիսի 2-ին: Մինչև հուլիսի 5-ը ես գտնվում էի գերության մեջ Հանրապետական գվարդիային պատկանող շենքերից մեկում»:
Մուրսին նաև ողջունել է եգիպտոսցիներին, որոնք չեն հաշտվել իշխանությունից նրա հեռանալու հետ և «շարունակել են ջիհադը հանուն սեփական իրավունքների և ազատությունների»:










