10 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ քվեարկությամբ ԱԺ-ն հրաժարվեց քննարկել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրենքի նախագիծը
10 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ քվեարկությամբ Ազգային ժողովը հրաժարվեց քննարկել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին» օրենքի նախագիծը։
ԱԺ-ի մեծամասնությունը՝ «Հանրապետական», կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» ու նաև «Հայ ազգային կոնգրես» խմբակցություններն ընդհանրապես հրաժարվեցին քվեարկությանը մասնակցելուց։ Կողմ էին ՀՅԴ-ն՝ իր 5 պատգամավորներով, «Ժառանգություն»-ը՝ իր 3 պատգամավորով և երկու ՀԱԿ պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը։
Իսկ նախքան քվեարկությունը Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց և հայտարարեց. «Երեկ մենք քննարկեցինք Արցախի ճանաչման վերաբերյալ օրինագիծը, հնչեցին փաստարկներ, որ բանակցային գործընթացը կարող է խաթարվել այս օրինագծի ընդունմամբ...»։ Փոստանջյանի խոսքը կիսատ մնաց, քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պահանջեց անջատել նրա խոսափողը, քանի որ ոչ թե վարման կարգի մասին էր խոսում, այլ բովանդակային քննարկում էր ծավալում:
Այնուհետև խոսեց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով նշեց, որ իրենց համար տհաճ է նույնիսկ անլուրջ քննարկում ծավալել: Գալուստ Սահակյանի ելույթի ժամանակ դահլիճում նստած պատգամավորները բարձրաձայն խոսում էին, որոնց ԱԺ նախագահը սաստեց. «Ալյո»:
Իսկ Գալուստ Սահակյանը եզրափակեց ելույթը, թե ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չեն մասնակցելու այս հարցի քվեարկությանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս ասաց, որ ԲՀԿ-ի համար Արցախի ճանաչումը լրջագույն խնդիր է, և այն չի կարող մանրադրամ լինել քաղաքական նպատակների համար, հետևաբար ԲՀԿ-ն ևս չի մասնակցելու քվեարկությանը: Նույնը հայտարարեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ում խոսքով այս հարցը վաղաժամ է, ուստի իրենք հրաժարվում են մասնակցել քվեարկությանը:
Մինչդեռ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խոսեց Արցախի ճանաչման և տնտեսության զուգահեռների մասին, ում խոսափողը նույնպես ԱԺ նախագահը հորդորեց անջատել:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարեց, թե ձեռնպահ է քվեարկելու:










