Ալեքսանդր Սարգսյանի կնոջ անձնագրում ժամկետի նշումը չի կատարվել կիրակի օրը՝ օդանավակայանում. Ոստիկանությունը հերքում է
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը, որ Ալեքսանդր Սարգսյանի կնոջ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է կիրակի օրը` «Զվարթնոց» օդանավակայանում, անձնագրային և վիզաների վարչության աշխատակցի կողմից, իրականությանը չի համապատասխանում:
Ոստիկանության մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ Ա. Սարգսյանի կնոջ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է դեռևս 02.07.2013 թ.-ին՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայության կողմից, և նրան անձնագիրը հանձնվել է օտարերկյա պետություններում վավերականության մասին նշումով: Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումը կատարվել է 02.07.2013 թ.-ին` 5 տարի ժամկետով, որը վավերական է մինչև 02.07.2018 թվականը:
Հետագայում, կորստյան կամ փոխանակման կապակցությամբ, Ա. Սարգսյանի կնոջն այլ անձնագիր չի հանձնվել, հետևաբար, Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև անձնագրային ծառայության կողմից օտարերկյա պետություններում վավերականության ժամկետի այլ նշում չի կատարվել»:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կնոջ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է կիրակի օրը. «Զվարթնոց» օդանակավականում հետաձգվել է թռիչքը, հրավիրվել է անձնագրային բաժնի աշխատակիցը՝ տեղում վավերականության ժամկետը երկարացնելու համար:










