Օբաման վստահում է ազգային հետախուզության տնօրենին. Սպիտակ տուն
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը չի զրկվել նախագահ Բարաք Օբամայի վստահությունից՝ լրտեսական սկանդալից հետո, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյոք այդ իրադարձություններից հետո Օբաման շարունակում է վստահել Քլեփերին, Քարնին ասել է. «Այո, վստահում է»։
Ազգային հետախուզության ղեկավարն ավելի վաղ Կոնգրեսում հայտարարել էր, որ Ազգային անվտանգության գործակալության գործողություններն օրինական են և արդյունավետ, իսկ սխալների ետևում մարդկային գործոնն է ու տեխնիկական խնդիրները։
Քլեփերի խոսքով՝ ամերիկյան հետախուզության համար օտար առաջնորդների գաղտնալսումները հիմնական գործերից մեկն է։ Նրա հավաստմամբ՝ դաշնակիցները ևս լրտեսում են ամերիկացի առաջնորդներին։
Հիշեցնենք, որ լրտեսական սկանդալը բորբոքվել էր ԱՄՆ հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո։










