Ծրագրավորողները դեմ են կենսաթոշակի կուտակային համակարգին. Հայաստանում հիմա դրա ներդրումն անընդունելի է
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 50-ից ավելի կազմակերպություններում աշխատող շուրջ 2 700 աշխատակիցներ Հայաստանի վարչապետին նամակ են հղել, որում իրենց դժգոհությունն են հայտնել կուտակային կենսաթոշակի համակարգի վերաբերյալ։ Այս մասին Tert.am-ին փոխանցեց «Մենթոր գրաֆիկս» ընկերության մենեջեր Լևոն Հարությունյանը:
«Ինչքան կարողացել ենք, փորձել ենք բարեփոխումների մի փաթեթ տալ և ասել, որ մարդիկ պատրաստ չեն այդ պարտադիր բաղադրիչին»,- ասաց նա և ընդգծեց. «Ոչ ոք դեմ չէ այդ համակարգին, բայց հիմա մեր երկրում այդ օրենքը ներդնելն անընդունելի է»:
Նրա տեղեկացմամբ՝ սկզբում դիմել են վարչապետին, ապա՝ ԱԺ նախագահին ու Մարդու իրավունքների պաշտպանին, և վաղն ԱԺ-ում արտահերթ նիստ է լինելու, որպեսզի քննարկեն և մեկ տարով հետաձգեն համակարգի ներդրումը:
Նշենք, որ այսօր մամուլում հրապարակվել էր, թե ծրագրավորողները դեմ են այդ համակարգին այն պատճառով, որ բարձր աշխատավարձ են ստանում, և իրենց աշխատավարձից պահումները շատ կլինեն: Այդ մասին մեր զրուցակիցն ասաց, որ պարտադիր կուտակային բաղադրիչը կեղտոտ աշխատավարձի 10%-ն է, և պահումներ լինում են անգամ՝ նվազագույն աշխատավարձից: Իսկ ծրագրավորողների դեպքում կուտակային բաղադրիչը 6,6% է, քանի որ աշխատավարձերը հիմնականում 500 000-ից բարձր են: «Իսկ թերթում աբսուրդային աշխատավարձ է նշված, այդքան աշխատավարձ Հայաստանում մեկ կամ երկու ծրագրավորող է ստանում»,- ասաց նա:
Մամուլում նշված էր, թե ծրագրավորողները 5000-6000 դոլար աշխատավարձ են ստանում, և, ինչպես Լևոն Հարությունյանը նշեց, դա լուրջ քննարկման և հումորի առիթ է դարձել ծրագրավորողների շրջանում. «Ծրագրավորողներն իրար մեջ հումոր են անում, ասում են՝ երնեկ ձեր խոսքը գործ դառնա: Ասում են՝ փաստորեն էս երկրի օլիգարխները մենք ենք»:










