Լուծե՛ք մեր հարցերը, թե չէ մենք ենք լուծելու, ու դուք փախչելու եք. ՀՅԴ-ականները գավաթ հանձնեցին կառավարությանը (տեսանյութ)
«Stop Կառավարություն» պաստառներով Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի երթ անցկացրեց Երևանի պետական ճարտարագիտական համալսարանից մինչև ՀՀ կառավարության շենք՝ անցնելով բոլոր պետական բուհերով և միավորման կոչ անելով ուսանողներին:
«Լուծե՛ք մեր հարցերը, վաղ թե ուշ մենք ենք այդ հարցերը լուծելու, ու էդ ժամանակ ոչ թե մենք ենք արտագաղթելու, այլ դուք՝ փախչելու»,-Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին ասաց ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:
Այնտեղ երիտասարդները որպես վատագույն կառավարության նշան գավաթ հանձնեցին Կառավարության ներկայացուցչին՝ Ալեքսանդր Ղազարյանին: Սակայն վերջինս հրաժարվեց գավաթը ներս տանել՝ փորձելով զրուցել և հասկանալ երիտասարդների պահանջները:
«Ստոպ կաշառակերությանը, ստոպ կոռուպցիային, ստոպ ցածր կրթաթոշակին, ստոպ ուսման վարձերի բարձրացմանը» պահանջներով նրանք դիմեցին կառավարությանը՝ կոչ անելով պատասխան տալ և վանկարկելով «արդարություն, արդարություն…»:
«Սա կառավարության մրցանակն է, որը մեր կողմից ընդունվել և համարվում է որպես վատագույն կառավարություն»,-հայտարարեց Գերասիմ Վարդանյանը և ավելացրեց. «Սրանով մենք նորից մեր անվստահությունը հայտնեցինք կառավարությանը, ինչը շարունակական է, մենք այսօր չենք սկսել, և այսօր չի վերանալու բողոքը: Եթե չլուծեն մեր խնդիրները, վաղ թե ուշ մենք ենք լուծելու նրանց խնդիրները»:










