Այս կառավարությունը մնում է՝ հայ ժողովրդի «ինադու». ընդդիմադիր խմբակցություններն ու ԲՀԿ-ն հրաժարական են պահանջում
2014թ-ի պետական բյուջեի նախագծին միայն ԱԺ մեծամասնությունն է կողմ և նրա մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Իսկ մինչ այդ մյուս խմբակցությունները եզրափակիչ ելույթներում արտահայտեցին իրենց դիրքորոշմը՝ ո´չ միայն քննադատելով երկրի գլխավոր փաստաթղթի նախագիծը, այլ նաև՝ պահանջելով կառավարության հրաժարականը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից հանդես եկավ Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, թե ամեն տարի ներկայացված բյուջեում բովանադակային և քաղաքական առումով փոփոխություն չկա, ինչն իրեն հուշում է, որ կառավարության մոտ դեժավյու է։
«Բայց այս տարի ինչ-որ բան փոխվել է՝ կառավարութունն անկեղծ է, և նրա անդամներից մեկը խոստովանեց, որ տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն ենք, որ ներդրումները 64%-ով նվազել են և նվազում են»,-ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը։ Նա մեջբերեց նաև այն հակադրությունը, թե՝ ՀՀ-ն բիզնես սկսելու համար բարենպաստ երկների ցանկում 32-րդ հորիզոնականում է։
«Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե աշխարհում 32-րդ հորիզոնականում է ՀՀ-ն, ինչո՞ւ չեն գալիս, բիզնես դնում։ Երբ նայում ես գործակիցները, հասականում ես, որ Հայաստանում հնարավոր է հինգ րոպեում բիզնես դնել, բայց հետո արդեն սկսվում է իրական առողջ, հարկային որսը, և իհարկե՝ այս պայմաններում կխուսափեն որևէ ներդրում անելուց»,-ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը նկատել է, որ այս կառավարությունը գիտի, որ պաշտոնավարումը քաղաքական մոտիվացիա չունի: Այն, ըստ պատգամավորի, որոշվում է «Մելիք Ադամյանի անվան փակ ակումբում»։
«Այս կառավարությունը պետք է շարունակի պաշտոնավարել ՀՀ քաղաքական ուժերի և հայ ժողովրդի ինադու։ Արժանապատվությունը և քաղաքական պատասխանատվությունը վերացական, աբստրատկ վիճակ չէ, այն կա´մ լինում է, կա´մ էլ՝ չի լինում։ ԲՀԿ-ն դեմ է բյուջեի այս նախագծին»,-եզրափակեց նա։
«Այս կառավարությունը պետք է հեռանա ՀՀ իշխանությունից, որքան շուտ հեռանաք, այնքան կօգնեք մեր ժողովրդին»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Մենք ձեզ պետք է հեռացնենք, թե չէ՝ դեռ ինչե՜ր է մեզ սպասվում Լուկաշենկոյի հետ համագործակցության հետևանքով, դեռ շատ հետաքրքիր օրեր են մեզ սպասվում այդպիսի ավտորիտար ուժերի հետ մեկ միության մեջ լինելուց»,-հայտարարեց Փոստանջյանը՝ նշելով, որ բյուջեի փաստաթուղթը կազմելիս հաշվի չի առնվել ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելը։ Նա հայտարարեց, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:
ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը, ով թեև հստակ չասաց, թե դեմ են քվեարկելու, բայց զերծ չմնաց բյուջեն քննադատելուց, չնայած՝ ոչ մյուս ընդդիմադիրների պես անխնա։ Նա մի քանի դրական կետեր ևս նկատեց, նշեց, որ կառավարությունը բացահայտ ասում է՝ այն արդյունքները, որի մասին նախօրոք հայտարարել է, չի կարողացել ստանալ: Դա, ըստ Արծվիկ Մինասյանի, ազնվություն է, բայցև՝ «դա աներեսության մասին է խոսում, եթե ասում եք, որ արդյունք չենք կարողանում ստանալ, հետևաբար՝ մեզ այդպիսի ազնվություն պետք չէ»:
Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իրենց առաջարկությունները և հարցրեց, թե ինչու դրանք չեն կիրառվում։ «Թե՞ ձեռք է տալիս՝ օլիգարխիկ համակարգով ղեկավարվող պետություն լինել»,-դիմելով Կառավարության անդամներին, այդ թվում նաև՝ վարչապետին, ասաց Արծվիկ Մինասյանը։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ձեռք չի տալիս ոչ մեկին էլ»։
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտնեց, որ ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու 2014 թ-ի պետական բյուջեի նախագծին՝ թվարկելով դրա մի շարք դրական կողմեր։
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը խմբակցության անունից ելույթի ժամանակ հարցրեց, թե արդյո՞ք պետական բյուջեն կապ ունի իրականության հետ:
«Մենք գործ ունենք ո´չ թե ազնիվ կառավարիչների կողմից ներկայացված ծրագրային փաստաթղթի հետ, այլ՝ մի փաստաթղթի, որի միակ նպատական է՝ քողարկել երկրում տեղի ունեցող համակարգային թալանն ու կոռուպցիան և այնպես ներկայացնել, իբր՝ երկիրը սլանում է զարգացման հունով»,- նշեց նա:
Ըստ նրա՝ ներկա կառավարությունը Հայաստանին կանգնեցրել է ֆինանսական դեստաբիլիզացիայի իրական վտանգի, աղետի շեմին և կառչում է իշխանությունից՝ պարտքի ծանր բեռի տակ դնելով ապագա սերունդներին:
«Բյուջեում չկա ռազմավարություն: Ուրեմն՝ այս բյուջեի նախագիծը գնահատենք որպես խոստովանություն առ այն, որ 2008թ.-ից տրված խոստումներն ընդամենը՝ հեքիաթ էին, որով փորձում էին արդարացնել կեղծված ընտրությունների միջոցով իշխանության յուրացումը: Մենք չենք կարող հաստատել մի բյուջե, որը համակարգված կոռուպցիայի բյուջե է, որը պետական եկամուտների և ծախսերի թալանի բյուջե է, որը պետական անվճարունակության բյուջե է, որը խաբեության բյուջե է: Այսպիսի բյուջե ներկայացրած կառավարությանը պետք է ո´չ միայն անվստահություն հայտնել, այլև՝ կանչել քրեական պատասխանատվության»,-ասաց նա:
Հանրապետական խմբակցությունից եզրափակիչ ելույթներ չեղան։










